Yerkir.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։ 

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։ 

Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»։ Նա հատկապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականությանր տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափերը։ 

«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել