Արցախում գործող «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը:

«Ցանկանում ենք ընդգծել հետևյալ կետերը.

1.         Պարոն Բաբայանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչու պատասխանն ուղղված էր միայն պարոն Հարությունյանին... Դա թողնում ենք ընթերցողի դատին:

2.         Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնապես ընդգրկված չեն բանակցային գործընթացում, իսկ ՀՀ իշխանությունների կողմից դիվանագիտական հարթակներում քննարկված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ «կազանյան» կամ «մադրիդյան», եթե ընդունելի լիներ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, ապա վաղուց այն կենսագործված կլիներ:

3.         Ինչ վերաբերում է Ստեփանակերտում տեղի ունեցած «հայտնի» հանդիպումներին, ապա մեկ անգամ ևս շեշտում ենք, որ մեկ հանդիպում տեղի է ունեցել 2016թ. ապրիլին, իսկ երկրորդն ու երրորդը՝ Անվտանգության խորհրդի անդամների և ապա Արցախյան շարժման ակտիվիստների հետ՝ 2016թ. հուլիսի 16-ին: Նշվածներից երրորդին, ի դեպ, Արայիկ Հարությունյանը չի մասնակցել: Հաշվի առնելով տվյալ հանդիպման մասնակիցների թվարկումները Ս. Բաբայանի կողմից՝ պետք է որ այդ մասին նա տեղեկացված լիներ, և հարց է առաջանում կրկին, թե ինչու է նա անտեսել այդ հանգամանքը:

4.         Չենք զլանա հուշել Սամվել Բաբայանի գրասենյակին, որ իրենց կողմից 2016-2017 թթ. վերագրվող կազանյան գործընթացը տեղի է ունեցել 2011թ. հունիսին, և դրա մասին բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ ու մամուլի հրապարակումներ կան. պարզապես պետք է փաստերը ստուգել, հետո մերկապարանոց հայտարարություններ անել...

5.         Կրկին անդրադառնալով բանակցային գործընթացում քննարկված տարբերակներին՝ ցանկանում ենք նշել, որ 2014թ. Արայիկ Հարությունյանը, լինելով Արցախի Հանրապետության վարչապետ, հրապարակավ արտահայտվել է այդ ժամանակահատվածում քննարկվող «մադրիդյան սկզբունքների» անընդունելի լինելու մասին (տե՛ս «Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ #2», 27 հուլիսի, 2014թ., 

Եվ այս իմաստով նրա դեմ իրականացվող ցանկացած «մեղադրական ճառ» համարում ենք անընդունելի և ճղճիմ շահարկում:

Իսկ որպես հետգրություն՝ նշենք, որ անցյալի վրա գիծ քաշելու, համերաշխության կոչեր անող գործիչը անհանդուրժողականության, ատելության և պառակտման մթնոլորտ չի հրահրում: Արցախում պատերազմը դեռ չի ավարտվել, և հայ ժողովրդի միասնական ջանքերով կռած հաղթանակը պահպանելու համար անհրաժեշտ է ոչ թե թուլացնել, այլ ամրացնել ներքին միասնականությունն ու հանդուրժողականությունը»,-ասված էր հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանին. «Պարոն Արայիկ Հարությունյան, համոզված ենք՝ ծանոթ եք կազանյան փաստաթղթին, հանդիպումը եղել է ոչ թե ապրիլ, հունիս կամ հուլիս ամիսներին, 2016թ․ վերջում, քննարկումը եղել է կազանյան փաստաթղթի շուրջ, որտեղ դեմ են հանդես եկել Ռազմիկ Պետրոսյանը և էլի մի քանի հոգի, մնացածդ լուռ լսել եք։ Լուռ լսել եք, որ Արցախի ժողովուրդն էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում չի լինելու, որ

Արցախը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որ 7 շրջանների վերադարձը առաջին ու երկրորդ փուլերի էիք բաժանում, իսկ հետագայի անվտանգությունն էլ պիտի պահպանեին ՀԱՊԿ-ի ուժերը, արցախցուն զրկելով սեփական հողում խոսքի իրավունքից կամ որ Շուշի-Լաչինի շրջանում պետք է վերաբնակեցվեին տեղահանված ադրբեջանցիները՝ այսինքն վերադարձ 1988թ․։

Դա հերթական հանդիպում չի եղել, դա եղել է հստակ պահանջ՝ կամ պատերազմ, կամ այս փաստաթուղթը։ Պարոն Հարությունյան, սեփական ժողովրդին խաբելը վատ բան է։

Խոսակցությունը եղել է այս շրջանակում, և հիմա ասել, թե սա սովորական քննարկում է եղել, ուղղակի ամոթ է։ Ավելի շատ տարածվել պետք չէ իհարկե, բայց թող բոլորը իմանան ճշմարտությունը։ Իսկ եթե Արցախի ժողովուրդը սա պետք է ընդունի, ապա էլ ոչինչ չկա անելու։ Իսկ էտ ճանապարհները առանձին թեմա է, ճանապարհի կառուցումը իր բացատրությունն ունի, բայց դա հաջորդ դասին»: 

Իսկ մինչ այդ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։

Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ., այլ 2016 թ. ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ նահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։

Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։ 

Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել