Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ներկայումս պերֆեկցիոնիզմը տարածվում է աշխարհով մեկ և վերածվում է համաճարակի, գրում է Sage Journals-ը:

Հոգեբաններն ուսումնասիրել են վերջին 25 տարվա 77 խոշոր հետազոտությունները: Նրանք նաև 15-49 տարեկան ավելի քան 25 հազար մասնակիցների հարցում են անցկացրել, որոնց 2/3-ը կանայք են եղել: Արդյունքում պարզվել է, որ 1990թ.-ից աշխարհում պերֆեկցիոնիստների թիվը մի քանի անգամ աճել է:

Գիտնականները նշել են, որ համաճարակը մահացու վտանգ է ներկայացնում հասարակության համար: Բանն այն է, որ պերֆեկցիոնիզմը սերտորեն կապված է ընկճախտի, սթրեսի, անհանգստության զգացողության, հարբեցողության, ինքնասպանության հակվածության և սնման խանգարումների հետ: Տարիքի հետ մարդկանց վիճակը ավելի է վատանում. նրանք ավելի են հակված լինում տարբեր կախվածությունների, դառնում են ավելի նյարդային և պակաս կազմակերպված:

Հոգեբանները համաճարակի դեմ պայքարի միակ դեղամիջոցը համարել են ծնողների հանդուրժողականությունը երեխաների նկատմամբ: Մասնագետները կոչ են անում նրանց ցույց տալ, թե ինչպես կարելի է սովորել սխալների վրա և ոչ թե նրանց բարոյապես ոչնչացնել սխալների համար:

Բացի այդ՝ անհրաժեշտ է թերահավատությամբ մոտենալ «իդեալական կյանքին», որը տարածում են սոցիալական ցանցերը, լրատվամիջոցներն ու գովազդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել