Yerkir.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահ է, որ Հարկային նոր օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումների արդյունքում կառավարությունը կհանգի ճիշտ լուծումների: Նախարարի խոսքով՝ կառավարության նպատակն է հավասարակշռել բոլորի շահերը և հասնել ճիշտ լուծումների:  Այդ մասին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Կառավարության ծրագիրը քննարկվել է գործադիրի փետրվարի 6-ի նիստում: Սպասվում է, որ այն կհաստատվի կառավարության փետրվարի  8-ի արտահերթ նիստում և կուղարկվի Ազգային ժողով: Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ  կառավարության որոշմամբ պետական գերատեսչությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել: Եվ միայն արտաբյուջեների մասով պետբյուջեից տարեկան հատկացվում է 29 մլրդ դրամ: 

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, նա նշեց, որ  2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում արդեն իսկ աշխատավարձի ֆոնդով 30 տոկոսի չափով պարգևավճարներ են նախատեսված: Ջանջուղազյանի խոսքով`  կառավարությունն առաջիկայում ընդունելու է պարգևավճարների միասնական մոտեցում ցուցաբերող որոշում, որը գործընթացը կդարձնի կանխատեսելի ու թափանցիկ: Հարցին, արդյոք չի քննարկվել պարգևավճարների փոխարեն աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունը՝ նախարարը դրական պատասխան տվեց և հավելեց. «Չենք գնացել այդ ճանապարհով, քանի որ բազային աշխատավարձի ավելացումն ինչ-որ ժամանակ հետո դադարում է խթանման միջոց հանդիսանալ, իսկ պարգևավճարը հնարավորություն է տալիս լրացուցիչ խթաններ ստեղծել աշխատանքի համար: Երբ մարդը սովորում է իր միջոցների չափաքանակին՝ դա սկսում է այլևս չծառայել իր խթանմանը: Պարգևավճարներ ունենալու տեսակետը մասնավոր հատվածում ևս լայնորեն է կիրառվում»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել