Armenpress.am-ը գրում է.

Հնդկական տուրիստական ընկերությունների ապօրինությունների ու խաբեության արդյունքում Հայաստանում դժվար կացության մեջ հայտնված չորս հնդիկ երիտասարդների դեպքը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է:

ՀՀ ոստիկանությունը ծանոթ է հնդիկ երիտասարդների հայտարարությանն ու արձանագրում է՝ նրանց հետ ապօրինի են վարվել Հնդկաստանի տարածքում: «ՀՀ ոստիկանությունը հրապարակմանը տեղյակ է. նշված տեղեկությունը Հնդկաստանի տարածքում կատարված ապօրինության մասին է»,-«Արմենպրես»-ին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը ևս անդրադարձնել է 4 հնդիկների մասին տեղեկությանը: Նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Ես ծանոթացել եմ Daily Hindustan-ի փետրվարի 7-ի հոդվածին` Փենջաբ նահանգի 4 հնդիկների մասին, ովքեր հայտնվել են Հայաստանում: ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը գնացել է նրանց մոտ և ցուցաբերել է անհրաժեշտ օգնություն ու աջակցություն»: Սվարաջը նաև նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են լինելու տուրօպերատորների ապօրինի գործողությունները:

Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել: Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:

ՀՀ Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2018թ. Հնդկաստանի 1882 քաղաքացի ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ,25-ը՝ մշտական (ընդհանուր թվով 1907): Վերջին տարիներին Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է նաև վիզային քաղաքականությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել