«Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետևողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։

«168 ժամ»-ը, մասնավորապես, տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն պատկերն է եղել ողջ քաղաքի տարածքային փուլերի ժամանակ։ Սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ, փաստորեն, ընդդիմության կողմից այնքան քարկոծված, նախկինում օլիմպիադաների ժամանակ տրված հայրենասիրական թեմաներին փոխարինելու է գալիս կուսակցական, իշխանական քարոզի պարտադրանքը։

Ի՞նչ պետք է 13-14 տարեկան երեխան գրի վերոնշյալ թեմայով, ի՞նչ պատկեր են ցանկանում տեսնել այդ «դարակազմիկ» գաղափարի հեղինակները։ Այսպե՞ս են իշխանությունները պատկերացնում կրթական համակարգի ապաքաղաքականացումը։

Ի դեպ, այսպես մեկ էլ խորհրդային տարիներին էին անում, երբ դպրոցականները ստիպված էին սերտել «Ленин в шалаше»-ի կարգի դասեր։

«Տրամաբանական» կլինի, եթե հանրապետական փուլի շարադրության թեման վերաբերի, օրինակ, արագաչափեր «սքոչելուն» կամ ներքնաշորերով դրանք փակելուն, կամ էլ թե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքը պաշարելուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել