Կառավարության ծրագրի նախագծին լավն ասես՝ տեղին է, վատն ասես՝ օբյեկտիվ է։ Կարող ես նախատեսել առաջիկա 5 տարիների համար, կարող ես պլանավորել 50 տարվա համար։ Համենայն դեպս, վերջին 28 տարիների համար նախատեսված ուղղություններն արդիական էին։

Գրված է շատ դեկլարատիվ (ռազմավարական, ընդհանուր, էլաստիկ, ճկուն, արձագանքող ու էսպիսի էլի շատ հոմանիշներով), էնպես որ, ապագայում ինչ ուզես ու ոնց ուզես, կարող ես տեղայնացնել ու այդ սոուսով մատուցել։ Վատ չէ, բայց արտաքին աչքի համար տեսանելի, չափելի ու ստուգելի մտքերն էլ արդյունավետ կլինեին։ 
Հատկապես, տեսնելով, որ որոշ պատասխանատու այրեր վերականգնողական արդարադատությունը դեռևս չեն զատում վերականգնողական ծրագրերից, մի փոքր անհանգստանում եմ այս ոլորտի համար։ 

Կուզեի տեսնել #Քրեակատարողական_ծառայության ու #Պրոբացիայի տեսանելի բարեփոխումների մտքեր (ոչինչ որ ծրագրերը, կարծում եմ, դեռ հընթացս կգրվեն)։ Կցանկանայի տեսնել նույն օրենքի գերակայության կամ դատարանների անաչառ որոշումների կամ դատարանների ծանրաբեռնվածության հետ, օրինակ՝ մինչդատական պրոբացիայի ներդրման կամ վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխության կապը և այլն։

Հուսամ՝ ապագայում կտեսնենք #Կառավարության_Ծրագրի մեջ տեղայնացված ու հիմնավորված նման ծրագրեր/միջոցառումներ։

Համենայն դեպս, պատրաստ ենք մշտական ու ամենատարբեր ֆորմատներով փոխգործակցության ու աջակցության՝ հանուն արդարադատության ոլորտի բարեփոխումների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել