Armtimes.com-ը գրում է.

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար առկա շենք շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է Երևանի՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները: Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.-ին: Քննարկման արդյունքում առաջարկվել է պահպանել չորս դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք, իսկ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և թիվ 116 հիմնական դպրոցների շենքերը նախատեսվում է քանդել ամբողջությամբ, քանի որ տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն դրանք ամրացման ենթակա չեն: Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն և այդ նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծրագրում ներառված է 46 դպրոց, ընտրվել են առավել խոցելիները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, 80 մլն դոլար վարկային այս ծրագիրը շատ դանդաղ տեմպերով է իրականացվում: Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ դրա պատճառներից է նաև համաֆինանսավորման խնդիրը:

«Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչո՞ւ ենք այսպիսի տեմպերով առաջ գնում: Ինչի մենք ամեն շաբաթ մեկ դպրոցի, երեք-չորս դպրոցի հարց չենք լուծում, ինչո՞ւ բոլորի ուղղությամբ չենք գնում առաջ: Պետք է համաֆինանսավորման աղբյուրներ գտնել և գնալ առաջ»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև որակի նկատմամբ լուրջ վերահսկողության իրականացումը: «Պետական շինարարություն տրամաբանությունը շատ երկար տարիներ մեր ընկալումներում չի փոխվում: Այն է, որ պետական շինարարությունը կարող է մի քիչ ծուռ լինել, գույնն այն չլինել»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հատկապես պետական միջոցներով շինարարությունը պետք է իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ բարձրացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար դպրոցների հարմարավետ շենքեր նախագծելու հարցը: Վարչապետն այդ առումով նշել է. «Մեր ռազմավարությունն է, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի անցնենք և անցնում ենք: Բոլոր նախագծերում այս հանգամանքը պետք է հաշվի առնվի, խնդրում եմ նորից ստուգել, եթե որևէ տեղ այս հարցը լուծված չէ, թող համապատասխան նախագծային փոփոխություններ արվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել