Azatutyun.am-ը գրում է.

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը, զոհերից Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի համոզմամբ, կսթափեցնի բոլոր նրանց, որոնք կփորձեն ազատության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին սպանելով պահել իշխանությունը:

«Ցանկանում ենք, որ անպայման էդ հուշարձանը ստեղծվի, կանգնեցվի, որ մեր Հայաստանի բոլոր երիտասարդները զգան, թե ինչ կորուստ են կրել, ինչի համար են կրել, մեր որդիներով վերջանա իշխանությունների արյունահեղությունը և ամեն ինչ», - ասաց նա:

«Իշխանությանը դաս կլինի, որ մյուս անգամ չկրակեն ժողովրդի վրա: Չէ որ էդ երիտասարդները ցանկանում էին ընդամենը ազատություն, նրանք պայքարեցին հանուն ազատության», - հավելեց մեկ այլ զոհի հայրը՝ Վաչագան Քլոյանը: 

Հուշարձանի տեղադրման հարցն արդեն իշխանության օրակարգում է: Նախաձեռնությունը Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանինն է: Օրեր առաջ նա առաջարկը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Գիտենք, որ քաղաքապետը ընդհանուր առմամբ դրական է արձագանքել, և նրանք այդ ուղղությամբ աշխատում են», - «Ազատությանը» փոխանցեց «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Առաջարկը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատասեղանին է:

«Այս պահին քննարկվում է, թե ինչ տիպի հուշարձան պետք է տեղադրվի․ կլինի առանձին քանդակի՞ տեսքով, թե՞ հարթաքանդակի: Եվ շատ կարևոր է գտնել ճիշտ տեղը, թե արձանը որտեղ է տեղադրվելու: Գրությամբ նշված էր, որ ցանկալի է, որ որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, հարակից շրջակայքում տեղ գտնել՝ քաղաքապետարանի շենքի հարևանությամբ․ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հարակից տարածքում», - մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը:

Ծնողների ցանկությունն էր, որ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին այն պատրաստ լիներ, բայց քաղաքապետարանում դա անհնար են համարում: Քննարկվելիք հարցերը շատ են, ամիսներ կտևի:

«Աշխատանքը պատկերացնելով, էդ ժամկետների մեջ նման կազմակերպչական աշխատանք կատարելը ռեալ չէ: Առնվազն երկու, երեք ամիս պետք է, որպեսզի ծրագիրը իրականացվի: Պետք է կատարվեն էսքիզային առաջարկներ, դրանից հետո պետք է խնդիրը ներկայացնել Երևանի ավագանու քննարկմանը, հավանության արժանանալուց հետո արդեն մեկնարկեն բուն նախագծանախահաշվարկային աշխատանքները», - ասաց Արբակ Վարդանյանը:

Զոհերի հարզատների առաջարկն է եղել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածում, քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրվի հուշարձանը, քանի որ այստեղ են զարգացել գլխավոր իրադարձությունները: Մյասնիկյանի արձանի մոտ են Մարտի 1-ի տարելիցին ընդդիմադիրներն ու քաղաքացիները խոնարհում ծաղիկներ:

Շաբաթներ առաջ Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու կոչ էր արել նաև Հայ ազգային կոնգրեսը: Առաջարկել էր օրենքով Օրենքով մարտի 1-ը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության և բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր», կազմակերպել հիշատակի օրվան նվիրված հրապարակային զանգվածային միջոցառումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել