168.am-ը գրում է.

Առաջիկայում կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը, ինչը հավանաբար թույլ կտա հասկանալ, թե, ի վերջո, ո՞ւր է գնում Հայաստանի տնտեսությունը։ Չնայած իշխանափոխությունից ինն ամիս է անցել, այնուհանդերձ այս հարցը շարունակում է բաց մնալ։ Քաղաքական իշխանությունը կարծես մի տեսակ խորը թմբիրի մեջ է և ոչ մի կերպ չի պատկերացնում իր անելիքները։

Խոսվում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, բայց չկա տնտեսական քաղաքականության հայեցակարգ, խոսվում է թռիչքաձև աճ ապահովելու մասին, բայց աճի միտումները գնալով նստում են, խոսվում է ներդրումների ներգրավման մասին, բայց խոչընդոտներ են ստեղծվում մեկնարկած ներդրումային ծրագրերի նկատմամբ, խոսվում է գյուղատնտեսության արդիականացման և տեխնոլոգիական վերազինման մասին, բայց դրա համար ոչինչ չի արվում, խոսվում է արտահանման խթանման մասին, բայց արագորեն ավելանում է ներմուծումը, խոսվում է բյուջեի եկամուտներն էապես ավելացնելու մասին, բայց բյուջեի ճշգրտված պլանը թերակատարվում է, խոսվում է հանրային ծառայությունների սակագները նվազեցնելու մասին, բայց դրանք բարձրանում են կամ, լավագույն դեպքում, մնում նույնը, խոսվում է գործազրկության կրճատման անհրաժեշտության մասին, բայց աշխատատեղեր են փակվում, խոսվում է երկրում սոցիալական վիճակը բարելավելու մասին, բայց մարդկանց ապրելու պայմանները գնալով վատանում են։

Այս ցանկը, անշուշտ, կարելի է երկար շարունակել։ Բայց սա էլ բավարար է հասկանալու համար, թե կառավարության ասածներն ու արածները որքանով են համընկնում։ Խորհրդարանական ընտրություններից անցել է գրեթե երկու ամիս, բայց նույնիսկ լիարժեք կառավարություն չի ձևավորվել։ Հայտնի չէ նաև կառավարության կառուցվածքը։

Մի բան ամեն դեպքում հստակ է. այսպես չի կարող երկար շարունակվել։ Հնարավոր չէ տևական ժամանակ հասարակությանը կերակրել դատարկ խոստումներով։

Գործունեության անցած ժամանակահատվածը լիովին բավարար էր՝ հասկանալու համար, որ խոսքերով տնտեսություն չեն զարգացնում։ Ձևավորված պատկերացումները, որ կոռուպցիայի դեմ պայքարը և մրցակցային հավասար պայմանների ապահովումը հերիք է տնտեսություն զարգացնելու համար, հիմնավոր չեն։ Առավել ևս, որ դեռ հարց է, թե դրանք որքանով են լիարժեք գործում։

Այն, ինչ արվում է՝ թե՛ մեկ, և թե՛ մյուս ուղղությամբ, երբեք չի կարող երկարաժամկետ արդյունք տալ, եթե դրանք չեն ամրագրվում ինստիտուցիոնալ փոփոխություններով։ Պատահական չէ, որ իրավիճակն աստիճանաբար վերադառնում է ի շրջանս յուր։

Որ իշխանափոխությունից հետո կոռուպցիայի դեմ սկսված պայքարը շատ դեպքերում պարզապես տպավորություն թողնելու նպատակ էր հետապնդում, կասկած չկա։ Հայտարարվող մեծածավալ բացահայտումներից այսօր գրեթե ոչինչ չի մնացել։ Հասկանալի պատճառներով՝ այդ գործերը ոչ մի կերպ դատարան չեն հասնում։ Պատճառն այն է, որ չկան բավարար հիմնավորումներ՝ գործերը դատարան ուղարկելու համար։

Մեծ չեն նաև կոռուպցիոն բացահայտումների ֆինանսական արդյունքները։ Չնայած հասարակության շրջանում ժամանակին ձևավորված սպասելիքներին, այնուհանդերձ այս ընթացքում հաջողվել է պետությանը վերադարձնել ընդամենը 10-15 մլրդ դրամ։ Սա այն գումարը չէ, որի մասին իշխանափոխությունից հետո լեգենդներ էին հյուսվում։ Եթե սա է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը, ապա կարելի է ասել, որ նախկին իշխանությունը ևս հաջողությամբ պայքարում էր այդ երևույթի դեմ։

Անշուշտ, որոշ դրական տեղաշարժ կա մրցակցային միջավայրի բարելավման և շուկաներ մուտքի խոչընդոտների թուլացման առումով։ Սակայն, որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա ցանկալի արդյունքի չի հանգեցնում։

Ավելին, առանձին շուկաներում իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվեց մենաշնորհների իսպառ բնաջնջված լինելու մասին, մասնակիցների թիվը նույնիսկ նվազել է։ Այլ կերպ ասած, ընկել է մրցակցությունը։

Իսկ շատ դեպքերում, ինչպես նախկինում, մասնակիցների ավելացումն արհեստական բնույթ է կրում. Պարզապես շուկայի խոշոր խաղացողներն են հիմնում նոր ընկերություններ՝ մրցակցության խորացման իմիտացիա ստեղծելու նպատակով։

Հասկանալի է, որ տվյալ պարագայում խոսք լինել չի կարող իրական մրցակցության մասին։ Թերևս պատահական չէ, որ մենաշնորհներն իբր թե վերացել են, սակայն, ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ ապրանքային շուկաներում մրցակցության խորացման ազդեցությունները չեն նկատվում։ Հիմնական խաղացողները գրեթե չեն փոխվում։ Լավագույն դեպքում դրանք մի տեղից տեղափոխվում են այլ տեղ։ Նորերը չեն հայտնվում։ Թե ինչո՞ւ, հավանաբար պետք է հարցնել կառավարությանը, որը հույս ունի մեկ-երկու կիսատ-պռատ քայլերով տնտեսություն զարգացնել։

Այդպես չի լինի։ Տնտեսություն զարգացնելու, առավել ևս՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ, որոնք չեն երևում։ Ավելին, փոխարենը քայլեր ձեռնարկելու տնտեսական ծրագրերի իրականացման համար խթաներ և պայմաններ ստեղծելու ուղղությամբ, կառավարությունը հույսը դրել է քաղաքացիների ինքնադրսևորման և ինքնակազմակերպման վրա։

Կասկած չկա, որ այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում Հայաստանի տնտեսության խնդիրները գնալով խորանալու են։ Երկար ժամանակ պետք չի լինելու համոզվելու համար, որ տնտեսության զարգացումները մտել են փակուղի։ Որքան էլ կարող է զավեշտալի լինել, այնուհանդերձ անցած մի քանի ամիսներին կառավարությունը դրա համար բավարար հիմքեր կարողացել է ստեղծել՝ շոկի մատնելով տնտեսությունն ու վախի մթնոլորտ ստեղծելով ներդրողների համար։ Առաջիկայում մեծ ջանքեր անհրաժեշտ կլինեն այս իրավիճակը հաղթահարելու համար։ Ու դեռ հարց է, թե մինչ այդ Հայաստանի տնտեսական զարգացումներն ուր կարող են գլորվել։

Այս պահին հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն։ Ընդ որում, խոսքը ոչ միայն տնտեսական, այլև ֆինանսական հեռանկարների մասին է։

Որքան էլ կառավարությունը ժամանակին հայտարարում էր, թե ներկայացրել է իներցիոն բյուջե, որը ընթացքում լուրջ փոխությունների է ենթարկելու, դրա հավանականությունն այսօր գրեթե զրոյական է։ Եթե այսպիսին է լինելու կառավարության տնտեսական քաղաքականությունը, ապա խնդրահարույց է լինելու բյուջեի անգամ նախանշված սցենարի ապահովումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել