Armtimes.com-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում հարցաքննվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանը:

Նա գնդի գրավման ժամանակ պատանդ էր պահվել. սույն գործով ճանաչվել է տուժող:

Դատավորի հարցին ի պատասխան Եղիազարյանն ասաց, որ ամբաստանյալներից որեւէ մեկի հետ բարեկամական, ազգակցական կապ չունի, նրանց տեսել է ՊՊԾ գնդում: Նա հարցաքննության սկզբում ասաց, որ քիչ բան կարող է ավելացնել, քանի որ, ըստ նրա, Վալերի  Օսիպյանը մանրամասն ներկայացրեց:

Այնուամենայնիվ, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հարցերին ի պատասխան Վարդան Եղիազարյանը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան ժամը 3-ի սահմաններում իրեն է զանգահարել ոստիկանության հերթապահ մասի աշխատակիցը եւ հայտնել, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: «Ես իսկույն իմ պարտքը համարեցի մեկնել դեպքի վայր եւ հայտնվեցի այնտեղ, որտեղ արդեն Օսիպյանն էր, արդեն կային ոստիկանական մեքենաներ շարված: Պարոն Օսիպյանն ինձ ասաց, որ կապի է դուրս եկել հարձակվողների հետ եւ հիմա գնում է հանդիպման: Ասացի՝ ես էլ կգամ, քանի որ իմ պարտքը համարեցի որպես ավագ սպա չթողնել իմ գործընկերոջը միայնակ: Մոտեցանք նշված վայրին, 20-30 մետր էր Էրեբունու ոստիկանության բաժնի եւ գնդի միջեւ: Ճիշտն ասած, մթնաշաղ էր, ես նույնիսկ չնկատեցի, որ բացի այդ երկուսից երկու, երեք հոգի էլ հետեւից մոտեցան, ինքնաձիգերը դրեցին վզներիս եւ պահանջեցին, որ գնանք գունդ, քաշքշուկ եղավ այդտեղ, վզակոթին խփել եւ այլն: Ստիպեցին, գնացինք գունդ, այնտեղ պլաստիկ ձեռնակապեր մեզ կապեցին, մի քանի րոպե հետո որոշեցին, որ պետք է հանեն: Հիմնականում հայհոյանքներ էին հնչում, բորբոքված մթնոլորտ էր, գոռգոռոցներ: Ի սկզբանե մեր միակ խնդրանք-պահանջն այն էր, որ բաց թողնեն մեր սերժանտական կազմի՝ պատանդության մեջ գտնվող 6-8 հոգի տղաներին, մերժեցին. հետագայում երկուսին բաց թողեցին, մեկը վատառողջ էր, մյուսը ինչ-որ ամուսնանում էր, թե ինչ, այդ օրը»,- պատմեց Եղիազարյանը: Նա ասաց, որ Վալերի Օսիպյանը կապի էր դուրս գալիս ոստիկանական ծառայողների հետ, խնդրում էր էքստերմալ քայլեր չանել:

«Այնուամենայնիվ, մի փոքր անց հնչեցին կրակոցներ, ինքը դուրսն էր, ես կարծեմ ներսում էի, հետո ես էլ դուրս եկա, խառնաշփոթ իրավիճակ էր: Արդյունքում իրենցից մի տղա վիրավորվեց, չեմ ճանաչում նրան, հետագայում իմացանք, որ մեր ոստիկաններից երեքը ստացել են մարմնական վնասվածքներ: Հետագայում մեզ պահում էին անցակետին կից գտնվող սենյակներից մեկում. ինձ ու Օսիպյանին առանձին էին պահում, մեր շփումները սահմանափակված էր, շատ ընտրովի էր տրամադրվում հեռախոս՝ իրենց քմահաճույքով՝ ոնց կցանկանան, կամ ոնց իրենք տեսնում են: Օսիպյանի հեռախոսն այդ օրն ընդհանրապես անհայտացավ, մնացել էր իմ հեռախոսը, այն էլ շատ հազվագյուտ թույլ էին տալիս կապ հաստատել արտաքին աշխարհի հետ»,- նկարագրեց նախկին փոխոստիկանապետը: Նա ասաց, որ իր անձնական սպայական արժանապատվությանը եւ իր անձի վերաբերյալ լուրջ ոտնձգություններ չեն եղել, վերաբերմունքը եղել է բավականին պարկեշտ, այնուամենայնիվ, ըստ Վարդան Եղիազարյանի, դա գնահատել որպես մեծ լավություն, չի կարելի:

«Հարցը պատանդ էինք, թե՞ գերի, իհարկե, պատանդ էինք, եթե սահմանափակվում են մարդու որոշ իրավունքներ եւ ազատություններ, բնականաբար դա պատանդի կարգավիճակ է, բայց այդ գնահատականը տվողը ես չեմ, դատարանը եւ քննությունը պետք է որոշի: Ինչ վերաբերում է հաջորդ օրերին, մթնոլորտը գնալով լարվում էր, առաջին օրերին իրենց կողմից ոգեւորվածություն կար, հետո ընկճվածություն: Ես անվերջ փորձում էի մեղմել իրավիճակը, բավական բարյացկամ խոսակցություններ էինք վարում, փորձում ինչ-որ բաներ ապացուցել, բայց այնուամենայնիվ բոլորս մնում էինք մեր դիրքերում, նորմալ մարդկային շփում էր հաստատվել, ինչը իրոք այդպես է: Միայն կարող եմ ասել, որ կային մարդիկ, ովքեր անկանկախտեսելի դրսեւորումներ ունեին, նրանց հետ խուսափում էինք ավելի շատ շփվել, տարբեր էին, միատարր չէր նրանց կազմը: Ինչ վերաբերում է սպանություններին, ես ճիշտն ասած չգիտեմ՝ տեղին է, թե՝ ոչ, բայց ինձ համար զարմանալի է եւ զայրացնող, որ այսքան ժամանակ ոչ մի ներողամտության կամ զղջանքի խոսք չի եղել: Ավելին ասեմ, զարմանալի է նաեւ, որ երբ այստեղ խոսում են սպանությունների մասին, դահլիճից ծափահարություններ են հնչում: Կարծում եմ, սա մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, վերջին հաշվով զոհվել են հայորդիներ, սպաներ, մեր ընկերները: Ինձ համար այս ամբողջ պատմության մեր ամնաանհասկանալին սա է, որ ոչ մի զղջանք, ոչ մի ներողամտություն խմբի կողմից ես չեմ լսել ոչ մեկի նկատմամբ, թե՛ զոհերի եւ թե մեր նկատմամբ:

Ուզում եմ հիշեցնել, որ երեք հոգի մարդ է զոհվել եւ դրա պատասխանը որեւէ մեկը պիտի տա»,- իր ցուցմունքում մանրամասներ ներկայացրեց ՀՀ նախկին փոխոստիկանապետը: Նա ասաց, որ հետագայում սկսեցին բանակցություններ, ակտիվ մասնակցում էր Վիտալի Բալասանյանը, «կարծեմ երկու օր գնաց եկավ եւ ի վերջո որոշեցին, որ լրատվամիջոցների դիմաց կարող են մեզ ազատ արձակել....: Նույնիսկ եթե ենթադրեինք, որ մեզ կարող են ազատ արձակել, ես այնտեղից դուրս չէի գա, քանի դեռ այնտեղ էր գտնվում մեր ոստիկանության կրտսեր անձնակազմը»,- հավելեց տուժողը:

Ի պատասխան դատավորի հարցին, Եղիազարյանը նկարագրեց իրենց գնդի տարածքից դուրս գալու դրվագը: Նա պատմեց, որ հուլիսի 23-ի ցերեկը 2-ի, 3-ի կողմերը իրեն երկու ժամ առաջ ասացին՝ կարող է թողնենք, կարող է չթողնենք. «Հոգեբանական ինչ-որ խաղեր էր գնում, ի վերջո որոշեցին թողնել, իհարկե, մենք շատ ուրախ էինք եւ այո ձեռքսեղմում եղել է, հայտնել ենք նաեւ շնորհակալություն: Ի վերջո մեզ ազատեցին, դրանից հետո ես մի քիչ վատառողջ էի մինչեւ հաջորդ ամսվա սկիզբը աշխատանքի դուրս չեմ եկել, ուստի, հետագա գործողությունների մասին տեղեկացված էի ընդամենը այնքանով, որքանով դա հրապարկվում էր լրատվամիջոցներում կամ գործընկերների խոսքերից»,- նշեց Վարդան Եղիազարյանը:

Պատասանելով մեղադրող դատախազների այն հարցին, թե ի՞նչ պահանջ էր ներկայացվում գնդի անդամների կողմից, Եղիազարյանը պատասխանեց, որ պահանջները բազմազան էին՝ սկսած, որ պետք է պաշտոնանկ արվեն ոստիկանական բարձրաստիճան սպաներ, Հանրապետության նախագահը, Կառավարությունը պիտի լուծարվի, բայց հիմնական շեշտադրումը գնում էր Սեֆիլյանի ազատ արձակման կամ նրան գունդ տեղափոխելու վրա: «Սա, այսպես ասած, մեխն էր: Այդ պահանջները հնչեցվում էին սպառնալիքների միջոցով զուգորդված հայհոյանքներով»,- ասաց նա:

Հարցին, թե ովքե՞ր էին հսկում իրենց, նախկին փոխոստիկանապետը պատասխանեց, որ իրենց այսպես ասած կալանապետը պարոն Կյուրեղյանն էր, ինքն էր ղեկավարում այդ ամբողջ գործընթացը, նրան մեկ-մեկ փոխարինում էր եղբայրը: «Զենքը դրված սեղանին, ուսին, մեկ-մեկ էլ ձեռքերը գրանատին էր քցում, երեւի վախեցնելու համար...: Իմ տեսադաշտում գտնվողները բոլորը զինված էին կամ ինքնաձիգերով կամ ատրճանակներով, հիմնականում ՊՊԾ գնդի եղած սպառազինությունն էր իրենց մոտ, չնայած կարծես դրսից բերված ինքնաձիգեր եւս կային: Նույնիսկ ծիծաղելի էր դառնում, յուրաքանչյուրը 4-5 ատրճանակով էր ման գալիս, ես մեկին ասացի՝ տղա ջան, երկու ձեռք ունես, ինչու ես 4 ատրճանակ պահում: Ամենավատն այն էր, որ կային նաեւ նռնակներ, չեմ հասկանում նռնակի կարեւորությունը»,- նշեց Եղիազարյանը: Նա ասաց, որ խմբի կազմակերպչական աշխատանքները ղեկավարում էր Պավել Մանուկյանը եւ Մխիթար Ավետիսյանը, ըստ նրա՝ հավանավաբար զինվորական ամենափորձառուներն իրենք էին, իրենք էին սահմանում, թե ով որտեղ պետք է լինի, ինչ ռեժիմով պետք է աշխատեն եւ այլն:

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով՝ իրեն եւ Օսիպյանին մեկուսացված պահելու պատճառն այն էր, որ քիչ բան տեսնեն, քիչ շփվեն: Պատասխանելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին, Վարդան Եղիազարյանն ասաց, որ խմբի անդամների մոտ գտնվող նռնակները մարտական էին: Խոսելով Վանոյանի մահվան հանգամանքների մասին, նախկին փոխոստիկանապետն ասաց, որ Օսիպյանը զանգերի միջոցով տեղեկացել էր, որ գնդում պետք է լինի նաեւ գնդապետ Արթուր Վանոյանը: «Մենք անվերջ փորձում էինք պարզել, թե որտեղ է Վանոյանը, հետո Օսիպյանը գնաց նրանց հետ (խմբի անդամների,-հեղ.) եւ այլայլված, ընկճված վերադարձավ: Նա պատմեց, որ փաստորեն մեր ընկերոջ դին գտնվում է մյուս մասնաշենքում՝ հանգստյան սենյակում»,- պատմեց գեներալ լեյտենանտը, այս խոսքերի վրա դահլիճում ներկա գտնվողներից մեկը արձագանքեց. «հանգստանում էր»:  

Շարունակելով իր ցուցմունքը, Եղիազարյանը ասաց. «Սկսեցինք ենթադրություններ անել, թե ինչից կարող է մահացած լինել, այն, որ հրազենային վնասվածք էրն դա պարզ էր, բայց դեռեւս չգիտեինք՝ արյունահոսել մահացել է, թե՞ միանգամից է մահը վրա հասել: Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ պետք է ժամանակին բուժօգնություն հասցվեր մեր գործընեկրոջը: Հետագայում ինձ տարել են այնտեղ, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, բայց ոչ մինչեւ հանգստյան սենյակ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը: Նախասրահում պարկուճներ էին թափված, արյան հետքեր էին: Վարուժան Ավետիսյանը առաջարկեց դեպքի վայրում քննություն իրականացնել եւ ես ասացի, որ Ավետիսյանն էլ իրավաբան է եւ քաջ գիտակցում էր, որ զավթած տարածքում քննիչը չէր կարող անկաշկանդ գալ եւ քննչական գործողություն իրականացնել: Ես հասկացա, որ դեպքի վայրում արդեն որոշակի փոփոխություններ արված էին, պարկուճների դասավորությունը, իմ դիտարկմամբ ոչ բնական ձեւով էր եւ այդտեղ քննություն իրականացնելն, իհարկե, անհեթեթություն էր»: Եղիազարյանն ասաց, որ այդ ժամանակ ներկա էր նաեւ Գագիկ Եղիազարյանը, նա իրեն ասել է, իբր Վանոյանն է կրակել, իրենք ընդամենը պատասխանել են եւ փոխհրաձգության հետեւանքով Վանոյանը զոհվել է: «Ասել է՝ մենք էինք, հետագայում խոսակցությունների ժամանակ հասկացվեց, որ ինքն էլ է եղել, Սմբատ Բարսեղանն էլ, այլ անձանց չգիտեմ»,- նշեց նա:

Խոսելով Սմբատ Բարսեղյանի գործողությունների մասին, Եղիազարյանը ասաց, որ իր հիշելով նա միշտ ինքնաձիգով էր: «Երկրորդ օրը նկատեցինք, որ վիրավորված է, եւ ես եւ Օիսպյանը առաջարկեցինք, որ դուրս գնա, բուժհիմնարկ տեղափոխվի, հրաժարվեց»:

Եղիազարյանը նշեց, որ բարբարոսական վերաբերմունք էր գույքի եւ մյուս նյութական արժեքների նկատմամբ: «Ավտոտրանսպորտային միջոցները այսպես թե այնպես խմբված էին, ես հասկացա, որ այնտեղ որոշները մեքենա վարել էին սովորում, մի խոսքով, ամբողջ տարածքը ջարդուխուրդ արած էր, նույնիսկ նրանցից մեկին հարցրի՝ ապակիները ինչո՞ւ եք ջարդում, պատասխանեցին՝ որ օդ գա: Ամբողջ գույքը թալանված, ջարդված, թափված էր, ով ինչ հասցնում էր, վերցնում էր, մի խոսքով ոստիկանությունը մեծ նյութական վնաս կրեց»,- ասաց տուժողը:

Նա հավելեց, որ երբ այցելել են հիվանդանոց՝ գնդի տարածքում վիրավորված հերթապահ մասի օգնական Գագիկ Մկրտչյանին, նա չէր կարողացել ոչ շարժվել, ոչ խոսել: Ինչ վերաբերում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքին, ապա Վարդան Եղիազարյանն ասաց, որ դեպքը եղել է հետագայում, երբ ինքը տանն է եղել եւ լրատվամիջոցներից է տեղեկացել: Նա ասաց, որ գիտի միայն, որ Տեփանոսյանը դիպուկահարի կրակոցից է մահացել:

Վարդան Եղիազարյանի հարցաքննությունն ընդհատվեց, քանի որ նիստը դռնփակ քննելու որոշումից հետո դահլիճում ներկա գտնվողները չէին հեռանում եւ դատարանը նման պայմաններում հետաձգեց: Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը կշարունակվի փետրվարի 13-ին: Նա նիստերի դահլիճը լքեց հետանամուտքից: Վարդան Եղիազարյանը գնդի տարածքում է պահվել շուրջ 6 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել