168.am-ը գրում է.

«Հայաստանում փոխվել է պետության, քաղաքականության իմաստը, ինչը բերում է նոր արտաքին ու ներքին քաղաքականություն: Այդ իմաստով չափազանց կարևորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա, ձեռք բերված պայմանավորվածությունները: Կարծում եմ, որ ստեղծվելու են լուրջ նախադրյալներ, որոնք պահանջելու են կոնկրետ գործեր: Մեծ սպասելիքներ ունենք հատկապես գերմանացի բիզնեսմենների ՀՀ այցից, որը կլինի առաջիկայում: Գերմանիան աշխարհի առաջատարն է՝ վերականգնվող էներգետիկայի, ճանապարահաշինարարության ոլորտում: Սա շատ լավ դաշտ է՝ համագործակցության համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցին՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց.

«Հետխորհրդային ժամանակահատվածում մենք ավելի շատ խոսքեր ենք ունեցել, քան գործեր: Ավելին՝ հնարավորություն ենք ունեցել խոսքը գործի վերածելու, բայց ՀՀ իշխանություններն անխիղճ ձևով մսխել են այդ հնարավորությունը: Դատարկաբանության ժամանակ ու ռեսուրս այլևս չունենք: Եկել է լուրջ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամանակը, մասնավորապես՝ Իրանի նախագահ Ռուհանիի այն գաղափարը, որ Հայաստանի և Վրաստանի միջոցով Պարսից ծոցը և Սև ծովը պետք է միանան իրար: Այս ճանապարհին թույլ օղակը շարունակում է մնալ Հայաստանը: Մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ՝ առանց Ռուսաստանի կողմը նայելու»:

Խոսելով Փաշինյան-Ալիև հանդիպումների, Արցախյան հակամարտության կարգավորման գործում դրանց դերի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից Փաշինյանի քայլը խիզախ համարելու մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց.

«Այն, որ Փաշինյանի քայլերը խիզախ են գնահատում, շատերին է անհարկի լարման մեջ դրել: Հայկական կողմը խաղաղ կարգավորման կողմնակից է, դրա մասին նախկին ու ներկա իշխանությունները բազմիցս են ասել: Խիզախությունն այն է, որ հայկական կողմը սկսեց իրերը կոչել իրենց անուններով: Եռակողմ ձևաչափը պետք է վերականգնվի: Բանակցային գործընթացում որոշվում է Արցախի ճակատագիրը, և դա չի կարող տեղի ունենալ առանց Արցախի: Խիզախություն է նաև այն, որ այս ինտենսիվ բանակցությունները, որոնց հեգնանքով ասում են՝ վերելակային հանդիպում, հանգեցրին նրան, որ մոտ 4 ամիս է՝ սահմանին զինվոր չի զոհվում, իսկ մինչ այդ ամեն շաբաթ զոհվում էին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել