Operativ.am-ը գրում է․

Այսօր տեղի ունեցած հանրային բնապահպանական դատավարության ընթացքում «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ ղեկավար, բնապահպան Լևոն Գալստյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց արդյունքում ստորգետնյա արտեզյան ջրային ավազանը հայտնվել է ջրային պաշարների սպառման վտանգի առջև, խոսել է նաև պետական պաշտոնյաների կողմից այդ գործում ունեցած դերի մասին:

«ՀՀ պետական որոշ կառույցներ և պետական պաշտոնյաներ թույլ են տվել այնպիսի խախտումներ, որոնց համար պետք է ենթարկվեն քրեական հետապնդման: Այս առնչությամբ 2015թ. հուլիսին հանցագործության մասին հաղորդում եմ տվել ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական ծառայության պետին»,- ասաց Լևոն Գալստյանը:

Նա մասնավորապես շեշտեց այս հարցում ձկնաբուծարանների դերը, որոնց պատճառով Արարատյան դաշտավայրը հայտնվել է անապատացման վտանգի առջև:

«Վերջին 10-15 տարիներին Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում բացվել են ձկնաբուծարաններ, որոնց արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի քանակը, բնակչության համար ստեղծվել են սոցիալական խնդիրներ: Դեռևս 1984թ. Պաշարների պետական հանձնաժողովը հաստատել էր խորքային հորերից ջուր վերցնելու տարեկան թույլատրելի սահմանը, որը մոտ 1.1 մլրդ խմ/տարի, ինչը պահպանելու դեպքում գերշահագործում չէր լինի, 2013թ. դրության ջրառը արտեզյան ավազանում կազմել է 1.75 մլրդ խմ/տարի, ինչը հաստատված թույլատրելի ջրաքանակը գերազանցել է 659 մլն խմ/տարով, 1.6 անգամ գերազանցել է թույլատրելի նորման, որի 64 տոկոսը բաժին է հասել ձկնաբուծարաններին»,- նշեց բնապահպանը:

Ներկայացված թվային տվյալների համաձայն՝ Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա տարածքի մակերեսը կրճատվել է մոտ եռակի, ինչի հետևանքով 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող խմելու ջրից:

«Ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սևանից լրացուցիչ ջրի բացթողում է եղել, իսկ Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելուց զրկվելու փաստի առաջ, ինչն էլ կնպաստի սոցիալ-տնտեսական խնդիրների և արտագաղթի մեծացմանը»,- ընդգծեց նա:
Բնապահպանը վստահ է, որ ստեղծված իրավիճակին պետք է իրավական լուծում տրվի, ինչի համար էլ դիմել է դատախազություն և քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ջրային ավազանի գերշահագործման փաստի առթիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել