168.am-ը գրում է․

Փետրվարի 5-ի երեկոյան Իտալիայի Սան Ռեմո քաղաքում սկսվում է իտալական էստրադային երգի նշանավոր փառատոնը: Այս հնագույն երաժշտական ստուգատեսը, որը «Եվրատեսիլ»-ի նախատիպն է դարձել, անցկացվում է 1951 թվականից եւ այս տարի կկայանա 69-րդ անգամ։

Ինչպես եւ անցյալ տարի, այս տարի էլ ստուգատեսի գեղարվեստական ղեկավարը հեռուստահաղորդավար եւ բարդ Կլաուդիո Բալիոնին է: Նա, հաստատված ավանդույթի համաձայն, կլինի նաեւ գլխավոր հաղորդավարը: Իր կողքին մրցույթի մասնակիցներին ներկայացնելու համար նա հրավիրել է երկու հանրաճանաչ կատակերգուների՝ Վիրջինիա Ռաֆայելեին եւ Կլաուդիո Բիզիոյին:

Մրցույթում իրենց կոմպոզիցիաները հանրության եւ ժյուրիի, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ լրագրողական (հաղթողին ընտրելու համար հաշվարկի բարդ սխեմա է նախատեսված), դատին կհանձնեն 24 մասնակիցներ: Նրանց թվում վերստին թատրոնի բեմ կվերադառնան քաջ հայտնի Արիզան, Նեկը, Սիմոնե Կրիստիկին, իտալական էստրադային բեմի վետերան երգչուհի Պատի Պրավոն, որը դուետով ելույթ կունենա երիտասարդ գործընկեր Բրիգայի հետ:

Մրցույթում իր նոր կոմպոզիցիան կներկայացնի Il Volo տրիոն, որը հանդես է գալիս փոփ-օպերայի ժանրում, եւ որն արդեն Սան Ռեմոյի հաղթող է դարձել: Այս տարվա նորույթներից է միասնական մրցույթը՝ առանց երիտասարդ սկսնակ կատարողների համար առանձին անցկացվողի: Արդեն անցյալ տարի Բալիոնին հրաժարվեց ամենաքիչ ձայներ հավաքող մասնակիցներին վաղաժամկետ բացառելուց:

Փառատոնն անցկացվում է հինգ երեկոյի ընթացքում, հաղթողը հայտարարվում է եզրափակիչ երեկոյի ընթացքում՝ շաբաթ օրը: Հատուկ հյուրերի թվում հայտարարված են հանրաճանաչ երաժիշտներ Էրոս Ռամազոտին, Լուչանո Լիգաբուեն, Ջորջան, ինչպես նաեւ հայտնի տենոր Անդրեա Բոչելին, որը կերգի իր որդու եւ իտալական կինոյի մի խումբ երիտասարդ դերասանների հետ: Օտարերկրացիներից հայտարարված է միայն բրիտանացի Թոմ Ուոլքերի մասնակցության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել