Բրիտանական Vivirail կազմակերպության մի խումբ ճարտարագետներ ստեղծել են ջրածնային գնացք, որը կազմված է վառելիքային տարրերից, ցիստերնից և երկու իոնային մարտկոցներից։

Եթե ամեն ինչ գնա ըստ նախագծվածի, ապա 2019 թվականի ավարտին գնացքը կտեղափոխի իր առաջին ուղևորներին։

Համաձայն նախագծի՝ գնացքը կազմված է լինելու մարտկոցներով աշխատող երկու լոկոմոտիվներից, 230 դասի վառելիքային տարրով աշխատող 2 վագոններից և ջրածնային ցիստերնից։

Հեղինակները նշում են, որ ջրածնային գնացքը առանց լիցքավորման կարող է անցնել 1000 կմ, իսկ շնորհիվ ռեկուպերացիոն համակարգի արգելակման ժամանակ գնացքը վերականգնելու է ծախսված էներգիան։

Մեծ Բրիտանիան միակ երկիրը չէ, որ ցանկանում է հրաժարվել դիզելային գնացքներից և անցում կատարել էկոհամակարգի համար ավելի անվտանգ փոխադրամիջոցների։ Բրիտանական կառավարության հաշվարկներով մինչև 2040 թվականը նրանք ամբողջությամբ հրաժարվելու են դիզելային գնացքներից։

Տրանսպորտի նախարարությունը վերջերս հայտարարել է, որ նախատեսում է 2,28 միլիոն դոլար հատկացնել՝ երկրում գնացքներից արտազատվող ածխաթթու գազի քանակը կրճատելու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել