168.am-ը գրում է.

Հանրային խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի խոսքով՝ դեռևս նախորդ տարվա մայիսին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ կան բազմաթիվ բողոքներ, ուստի պետք է քննարկեին՝ առարկայի հետագա դասավանդումը շարունակե՞ն, թե՞ ոչ։

«Այդ ժամանակ ես այդքան չկարևորեցի իր այդ հայտարարությունը, բայց հետագա շատ քայլեր սկսեցին ինձ իսկապես մտահոգել, որովհետև դրանից հետո նախարարը չի ասել՝ առարկան հանեն կամ չհանեն, բայց հայտարարեց, որ առարկայի չափորոշիչները պետք է փոխվեն։ Իհարկե, առարկան պետք է բարեփոխվի, առարկայի մեջ ինչ-որ բաներ պետք է վերնայվեն, չնայած ներկայիս չափորոշիչները շատ հստակ են սահմանում այդ առարկայի նպատակները, խնդիրներն ու ուղերձները։ Բայց մեր բոլոր առարկաների դասագրքերն ունեն վերանայման խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Անհաիտ Բախշյանը՝ անդրադառնալով Եկեղեցու պատմություն առարկային հատկացված դասաժամերի հնարավոր կրճատմանը և դրա վերաբերյալ ԿԳ նախարարի հայտարարությանը։

Ըստ նրա, կողմ կլիներ, եթե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը միանգամից հայտարարեր, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաները պետք է վերանայվեն, բայց երբ խոսվում է առարկաները հանել-չհանելուց ու ծրագրերի չափորոշիչների փոփոխությունների մասին՝ դա արդեն մտահոգությունների տեղիք է տալիս։

Ավելին՝ Սահմանադրությամբ և օրենքներով Հայ եկեղեցու պատմություն առարկան ուսումնական պլանում լինելը պաշտպանված է։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե դասղեկական ժամին դասղեկն իրավունք ունի՞ որոշելու, թե ինչպես կարող է օգտագործել իրեն հատկացված դասաժամը, այդ թվում՝ հանդիպում կազմակերպել աշակերտների և քահանայի միջև, Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ հարցին կարող է պատասխանել միայն  սեփական փորձից։

«Եթե պետք է դասղեկը խոսի եկեղեցական տոների մասին, սակայն դրա մասնագետը չէ, ապա նա կարող է հրավիրել քահանա, որպեսզի չխեղաթյուրի դասագրքում գրածը և ճիշտը բացատրի, այստեղ որևէ խնդիր չկա, ինքս էլ եմ այդպես արել։ Դա թույլ է տալիս նաև «Հայ առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունների մասին» օրենքը։ Այնտեղ շատ կարևոր կետ կա, որն ասում է, որ եկեղեցու սպասավորը կարող է մտնել դպրոց, ճիշտ է՝ գրված չէ՝ դասղեկական ժամին, բայց դասղեկական ժամը դաստիարակչական նպատակներով տրված ժամ է՝ պետության կողմից վարձատրվող, և դաստիարակչական նպատակները դնում է դասղեկը, ուսուցիչը, դպրոցը, և ինչի մեջ դժվարանում են, հրավիրում են մասնագետի»,- ընդգծեց Ա. Բախշյանը։

Հաջորդ հարցին՝ շախմատի դասավանդումը դպրոցներում պե՞տք է շարունակել, թե՞ ոչ, Ա. Անահիտ Բախշյանը պատասխանեց՝ այն հայաստանյան դպրոցների ձեռքբերումն է։

«Սա մեր պետության ձեռքբերումն է, դրանով մենք այսօր նորամուծություն ենք մտցրել աշխարհում, մեզանից օրինակ են վերցնում։ Սակայն, ինչպես մյուս առարկաների, այնպես էլ շախմատի դեպքում պետք է հաշվի առնեն, թե ով է դասավանդում։ Այստեղ ծնողների բողոքն իրենց երեխաների ուսուցչի դեմ է ուղղված։ Եվ բացատրում են նրանով, որ առարկան հետաքրքիր չէ, ո՛չ, ցանկացած առարկա, եթե ուսուցիչը վարպետ է և կարողանում է ճիշտ ներկայացնել, ապա կարողանում է գրավել երեխաներին»,- ընդգծեց Ա. Բախշյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել