Լինել իշխանություն նշանակում է լինել հեգեմոն քաղաքական և սոցիալական պայքարում, իսկ հեգոմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետական հարթություններում) հարաբերություններ։

Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։

Պարզ է, որ նման պայմաններում նոր իշխանությունը չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։

Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ Նոր իշխանությունն ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելն ավելի բարդ գործ է։

Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռն իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ անհանդուրժող վերաբերմունքն արդեն կտարածվի իր վրա։ Պահել իշխանությունը նշանակում է քաղաքական կյանքում լինել հեգեմոն՝ առանց ուժ կիրառելու։

Նման պարագայում բողոքել մամուլից նշանակում է բողոքել պարելուն խոչընդոտող հայտնի բնական հանգամանքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել