168.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ «Մադրիդյան սկզբունքները» բանակցային մոտեցում են, իսկ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը որևէ առնչություն չունի բուն բանակցությունների մեթոդոլոգիայի հետ։

«Դա խզված բանակցությունների վերականգնման և հետագա բանակցությունների պատրաստմանն ուղղված համաձայնություն էր։ Չէ՞ որ դա ընդունվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը դեն նետելով ամեն ինչ, այդ թվում՝ «Մադրիդյան սկզբունքները», գնաց խնդիրը լուծելու միայն ռազմական ճանապարհով։ Եթե դրանից հետո մենք նայենք թե՛ Սանկտ Պետերբուրգի, թե՛ Փաշինյան-Ալիև հանդիպումը, կամ Մինսկի խմբի համատեղ հանդիպումն արտգործնախարարների հետ, ապա այս ամենը տեղավորվում է Վիեննայի պայմանավորվածության մեջ։ Ես վստահում եմ, հավատում, որ ցանկացած շփում Փաշինյանի և Ալիևի միջև ուղղված են այն մթնոլորտի ստեղծմանը, որը մի օր կբերի այն բարենպաստ պայմաններին, որտեղ կողմերը կարող են ինչ-որ մի բանի մասին բանակցել»,- անդրադառնալով Արցախի հարցի շուրջ ընթացող գործընթացներին՝ ասաց Հովհաննես Իգիթյանը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մասին, ըստ որի՝ ժողովուրդներին պետք է նախապատրաստեն խաղաղության, և դրան հետևած Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԱՔ Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ կարող է հասկանալ ցանկացած հայի ըմբոստությունն ու զարմանքը, քանի որ հայկական կողմն իր հասարակությանը չի ուղղորդում ատելության ճանապարհով, ի տարբերություն Ադրբեջանի։

«Այո, մենք ասում ենք, եթե ադրբեջանական կողմը փորձի պատերազմի միջոցով լուծել Արցախի հարցը, ապա Հայաստանն ու Արցախն ամբողջությամբ կկանգնեն և համապատասխան հարված կհասցնեն։ Արցախի Հանրապետությունը պայքարում է իր անկախության համար, իսկ Հայաստանն իր կողմից ապահովում է դիվանագիտական և անվտանգության բոլոր միջոցները»,- եզրափակեց Հ. Իգիթյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել