ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կայուն և դինամիկ զարգանում են: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` 2010 թ. Տոկիոյում և 2015 թ. Երևանում դեսպանությունների բացումը նոր լիցք է հաղորդել երկկողմ կապերի ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը և այդ համատեքստում նշել, որ այս պահին ձևավորվում է պատգամավորական բարեկամական խումբ. նորընտիր Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ հետաքրքրված են Ճապոնիայի հետ բարեկամությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը զարգացման աջակցության շրջանակներում տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության և իրականացված ծրագրերի համար:

Արարատ Միրզոյանին փոխանցելով Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների և Խորհրդականների պալատների նախագահների շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` դեսպանը ևս բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը:

Դեսպան Յամադան հետաքրքրվել է 2018թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի՝ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթացից, որին ի պատասխան Արարատ Միրզոյանը, կարևորելով համաձայնագրի շուտափույթ կիրառման նշանակությունը, հույս է հայտնել, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում Ազգային ժողովում կկազմակերպվի համաձայնագրի քննարկումը:

Կողմերը հանգամանալից անդրադարձել են հայ-ճապոնական համատեղ օրակարգի առաջմղմանն առնչվող բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել