168.am-ը գրում է.

Փհենյանը ոչ միայն չի դադարեցնում իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, այլեւ ձեռնարկում է ցանկացած հնարավոր ռազմական հարվածներից այդ ներուժի պաշտպանության քայլեր: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն գաղտնի զեկույցը, որը պատրաստել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների կոմիտեի աշխատակիցները:

Ինչպես գրել է Reuters-ը, 317-էջանոց զեկույցն Անվտանգության խորհրդի անդամների մեջ տարածվել է փետրվարի 1-ին, եւ դրանում նշված է, որ ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային ծրագրերը ոչ մի կարգի փոփոխություններ չեն կրել, չնայած երկրի դեմ սահմանված խիստ պատժամիջոցներին եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ բանակցություններում «անհավատալի առաջընթացի» հասնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին:

«Կան այն բանի ապացույցներ, որ ԿԺԴՀ-ն ձգտում է տարակենտրոնացնել» միջուկային ռազմամթերքի եւ բալիստիկ հրթիռների «արտադրության, պահման եւ փորձարկումների իր օբյեկտները», որպեսզի ավելի դժվար լինի դրանց հայտնաբերումն ու ոչնչացումը, մեջբերում է անում գործակալությունը զեկույցից: Reuters-ն ընդգծում է, որ զեկույցը տարածվել է Թրամփի եւ Կիմ Չեն Ունի՝ պատրաստվող երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, որն, ինչպես սպասվում է, տեղի կունենա փետրվարի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել