ՀՅԴ-ն փորձում է հանրային օրակարգ բերել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև իրավական հարաբերությունները պատշաճ ձևով կարգավորելու նպատակով միջպետական պայմանագիր մշակելու և կնքելու հարցը։ Միանշանակ, ողջունում եմ այդ հարցի արդիականացումը (վերաարդիականացումը՝ եթե կուզեք)։ Բազմիցս եմ առիթ ունեցել համոզվելու, որ պատշաճ իրավական կարգավորումների բացակայությունն անընդհատ ստիպում է մեզ ռեսուրս ծախսել անհատական, հատվածական լուծումներ որոնելու վրա։ Այս հարցում իմ փորձառությունը հատկապես վերաբերում է մարդու իրավունքների ոլորտին, բայց տեղյակ եմ, որ խնդիրներ են առկա նաև անվտանգության, արդարադատության, սոցիալական ապահովության և շատ այլ ոլորտներում։ Երևանյան դիտանկյունից այդ խնդիրները գրեթե չեն երևում, մինչդեռ Ստեփանակերտից դրանք ավելի քան ակնառու են։
Ո՞րն է բուն խնդիրը՝ «Երևանյան» իրավական հարթությունում։ Իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՑԱԽԸ ԳՐԵԹԵ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է։ Արցախի և Արցախի բնակիչների նկատմամբ հայկական առաջին պետությունը պատշաճ ձևով, իրավաբանորեն անխոցելի պարտավորություններ չի ստանձնել։

Կարծում եմ՝ ՀՀ-ԱՀ պայմանագրի քննարկմանը զուգահեռ անհրաժեշտ է հանրային օրակարգ բերել նաև «ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ մշակելու և ընդունելու հարցը, որը կկարգավորի Արցախի և նրա բնակիչների հանդեպ ՀՀ իրավական պարտավորությունների հիմունքները։

Հոդված 1-ը կարող է, օրինակ, հետևյալ տեսքն ունենալ. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի և նրա բնակիչության անվտանգության երաշխավորն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել