Ալեքսանդր Մակեդոնացին համաշխարհային պատմության ամենախոշոր ու հզոր դեմքերից էր, ամենամեծ ռազմական ուղեղներից մեկը։ Նա, լինելով Մակեդոնիայի և Պարսկաստանի արքա, հիմնել էր անտիկ աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Խարիզմատիկ ու դաժան, ուժի ծարավ, խելացի ու արյան ծարավ Ալեքսանդրն ուներ հավատարիմ շատ մարդիկ, որոնք հետևում էին նրան ամենուր և հարկ եղած դեպքում անգամ կյանքն էին զոհաբերում Մակեդոնացու համար։ Չնայած որ Ալեքսանդր Մեծը մահից առաջ չհասցրեց իրագործել իր մեծագույն երազանքը՝ նոր տարածքներ միավորել և թագավորություն ստեղծել, նրա ազդեցությունը հունական և ասիական մշակույթների վրա այնքան մեծ եղավ, որ հիմք դրեց նոր պատմական ժամանակաշրջանի՝ հելլենիստական դարաշրջանի։

Ալեքսանդրի դեմքն առավել մանրամասնությամբ ցույց է տվել քանդակագործ Լիսիպոսը, և Ալեքսանդրը հենց ինքը նախընտրում էր իր տեսքին առնչվող հենց միայն Լիսիպոսի և ոչ մի այլ արվեստագործի աշխատանքները։

Որտեղի՞ց էր Ալեքսանդր Մեծը

Ալեքսանդր III-ը ծնվել է Մակեդոնիայի Պելլա քաղաքում մ.թ.ա. 356 թ.։ Հայրը Փիլիպոս II-ն էր, մայրը՝ Օլիմպիաս թագուհին։ Որոշ առասպելապատումներ նշում են, որ Ալեքսանդրը եղել է հին հունական դիցարանի երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստծո՝ աշխարհի տիրակալ Զևսի որդին։ Ի սկզբանե նախատեսված էր, որ նորածին մանուկը պիտի անվանվեր Ամինտաս՝ ի պատիվ Փիլիպոսի հոր, սակայն վերջինիս հայրը քաղաքական նկատառումներից ելնելով որոշում է նորածին մանկանը տալ Ալեքսանդրոս անունը՝ ի պատիվ Մակեդոնիայի արքա Ալեքսանդր I-ի։

Ալեքսանդրի արտաքինը աղբյուրների մեծ մասում նկարագրվում է այսպես. նա ուներ գանգուր վարսեր, արտահայտիչ ճակատ, բաց մաշկ, սևեռուն հայացք և կարճահասակ էր։ Հետաքրքիր է նաև, որ մեկից ավելի անգամ նշվել է, որ Ալեքսանդրի մի աչքը շագանակագույն էր, մյուսը՝ կապույտ։ Նման երևույթ բնության մեջ գոյություն ունի, և շատ հնարավոր է, որ Ալեքսանդրը ևս նման աչքեր է ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել