Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և թեկնածուի անունից բաժանել սննդամթերք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, վերանշյալ անձինք նաև հայտնել են, որ դա վերջինիս կողմից օգնություն է ու կրելու է շարունակական բնույթ:
Պարզվել է, սակայն, որ օգնությունն իրականում տրամադրվում է մի ՍՊԸ կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայանում են համայնքապետի թեկնածուի անունից:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թեկնածուի անունից փետրվարի 3-ին նրա համախոհները օգնություն են տարել Վարդենիսում բնակվող մի ընտանիքի:

Տանտիրոջից ընդունվել է հաղորդում. նա հայտնել է, որ այդ անձինք թեկնածուի անունից իրենց ընտանիքին, որպես օգնություն, տվել են բրինձ, ոսպ, հնդկաձավար, ձեթ, խտացրած կաթ, ձու և ասել, որ պետք է ձայն տաք թեկնածուին:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն թեկնածուի անունից փետրվարի 2-ին նրա համախոհները օգնություն են հատկացրել վարդենիսցի մեկ այլ ընտանիքի ևս: Այս դեպքում նույնպես ոստիկանությունում քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ այդ անձինք հայտնել են, որ հատկացված սննդամթերքը տրվել է թեկնածուի կողմից:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել