Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի  վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Տեղի ունեցավ լիարժեք դատաքննություն: Կողմերի բոլոր փաստարկները քննարկվել են: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին»,- ասաց Ալումյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել