Գրեթե բոլոր մարդիկ Սատուրն մոլորակը տարբերակում են դրա հիմնական առանձնահատկությամբ՝ օղակներով։ Դրանք ամենամեծն են, ամենապայծառը մեր արեգակնային համակարգում։ Սատուրնի օղակները մոլորակից շուրջ 280,000 կմ հեռավորության վրա են գտնվում. մոլորակի և օղակների միջև 6 Երկիր մոլորակ կարող է տեղավորվել, սակայն Սատուրնը միշտ չէ, որ այսպիսի տեսք է ունենալու. դրա օղակներն անհետանում են։

Իսկապես, Սատուրնը կորցնում է իր օղակներն արագորեն, ավելի արագ, քան գիտնականներն ի սկզբանե կարծում էին։ Հենց այս պահին վայրկյանում մոտ 10,000 կգ օղակների փշրանքներից անձրև է տեղում Սատուրնի վրա։ Համեմատության համար նշենք, որ այս արագությամբ կարելի է կես ժամում օլիմպիական չափի լողավազան լցնել։

Սատուրնի օղակները հիմնականում կազմված են սառույցի և քարի փշուրներից։ Դրանք մշտական ռմբակոծման տակ են գտնվում Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և այլ մետեորոիդների ազդեցությամբ։

Երբ բախումները տեղի են ունենում, սառցե մասնիկները գոլորշիանում են՝ ձևավորելով ջրի լիցքավորված մոլեկուլներ, որոնք փոխազդում են Սատուրնի մագնիսական դաշտի հետ։ Ի վերջո այդ մոլեկուլներն ընկնում են Սատուրն, որի մթնոլորտում էլ այրվում են։

Մենք Սատուրնի օղակների անձրևի մասին գիտենք 1980-ականներից ի վեր, երբ ՆԱՍԱ-ի Voyager mission-ն առաջին անգամ նկատեց խորհրդավոր, մուգ բծեր, որոնք, փաստորեն, Սատուրնի մագնիսական դաշտ հասած օղակների մասնիկներն էին։ Այդ ժամանակ հետազոտողները եզրակացրին, որ նման տեմպերով օղակներն ամբողջովին կանհետանան մոտ 300 միլիոն տարի անց։ Սակայն ՆԱՍԱ-ի Կասինի տիեզերանավի դիտարկումների արդյունքում առավել բացասական նախագուշակումներ սկսեցին արվել։ Տիեզերանավը 2017-ին, հասնելով Սատուրնին, առավել մանրամասն էր կարողացել ուսումնասիրել իրավիճակը։ Այն բացահայտել էր, որ Սատուրնի վրա անձրևն ավելի առատ է տեղում, քան մինչ այս մտածել են գիտնականները։ Գիտնականներն այս դիտարկումներից հետո հաշվարկեցին, որ, ըստ էության, օղակներ կանհետանան 100 միլիոն տարի անց։ Դժվար է պատկերացնել Սատուրնն առանց իր օղակների։

Իր գոյության ժամանակաշրջանի մեծ մասում Սատուրնը Երկրի նման «մերկ» է եղել։ Մոլորակը ձևավորվել է 4,5 միլիարդ տարի առաջ, սակայն օղակները՝ միայն 100-200 միլիոն տարի առաջ։ Օղակներն անգամ ավելի երիտասարդ են, քան որոշ տեսակի դինոզավրեր։ Եվ եթե խորությամբ մտածում ենք այս հարցի շուրջ, ապա կարող ենք ասել, որ մենք իսկապես երջանիկ պետք է լինենք, որ տեսել և տեսնում ենք գեղեցիկ օղակները, որոնք օգնել են մի շարք այլ բացահայտումներ անել Տիեզերքի մասին։ Հարկավոր է ինտենսիվորեն շարունակել դրանց օգնությամբ բացահայտումներ կատարել, քանի դեռ ունենք այդ հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել