Կանաչ հրեշի՝ Շռեկի մասին մուլտիֆիլմը շատ են սիրում թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Կա կարծիք, որ այս մուլտֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը Մորիս Տիյեն էր՝ ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբիշը:

Ֆրանսիական ծագում ունեցող ռուսը

Մորիսը ծնվել էր Ուրալում: Նրա հայրը երկաթուղային ինժեներ էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի: Մորիսի ծնողները ֆրանսիացիներ էին, որոնք որոշ ժամանակով տեղափոխվել էին Ռուսաստան. այստեղ հայրն աշխատանքի անցավ Տրանսսիբիրյան ճանապարհային միությունում: 1917-ին Մորիսն իր մոր հետ վերադարձավ Ֆրանսիա, իսկ հայրն արդեն մահացել էր:

Հիվանդություն և սպորտ

17 տարեկան հասակում տղան նկատեց, որ նրա գլուխն ու վերջույթները կտրուկ մեծանում են չափսերով: Նման փոփոխությունների պատճառը ծանր հիվանդությունն էր՝ ակրոմեգալիան, որը պայմանավորված էր աճի հորմոնի գերարտադրությամբ աճման զոնաների փակվելուց հետո: Առաջին ախտանիշը սովորաբար ձեռքերի և ոտքերի մեծացումն է: Կարող է լինել նաև ճակատոսկրի, ծնոտի և քթի մեծացում, հոդերում ցավ, մաշկի հաստացում, ձայնի խորացում, գլխացավեր և տեսողության խնդիրներ: Բարդություններից են՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետը, քնի ապնոեն և զարկերակային գերճնշումը։

1,7 մ հասակ ունեցող Մորիսը կշռում էր ավելի քան 120 կգ: Բացի դրանից՝ ակրոմեգալիան մեծ ազդեցություն էր ունեցել նաև տղամարդու ձայնալարերի վրա, ինչի արդյունքում նրա ձայնը նմանվել էր ավանակի արձակած ձայնին: Մորիսը կրթությամբ իրավաբան էր, սակայն արտաքին տեսքում բացասական փոփոխությունները խաչ էին քաշել նրա կարիերայի վրա:

Տարիներ շարունակ Մորիսը որպես ինժեներ աշխատում էր Ֆրանսիայում, սակայն 1937-ից հետո Սինգապուրում Մորիսը ծանոթացավ Կառլ Պոջելոյի հետ, ով պրոֆեսիոնալ ըմբիշ էր: Հենց այս մարդն էլ հետագայում դարձավ Մորիսի լավագույն ընկերն ու աջակիցը: Այս հանդիպումը ճակատագրական էր «իրական Շրեկի» համար, քանի որ այդ ժամանակ նա որոշակի սպորտային փորձ ուներ. Մորիսը երիտասարդ տարիքում ակտիվորեն զբաղվում էր ռեգբիով:

2 տարի Մորիսը մասնակցեց մրցումների, որոնք անց էին կացվում Ֆրանսիայում և Անգլիայում, սակայն Երկրորդ աշխարհամարտը ստիպեց տղամարդուն տեղափոխվել Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ում Մորիսին մեծ հաջողություններ էին սպասվում. 40-ական թվականներին նա 19 մարտում հաղթանակ տարավ և ծանրքաշային կարգում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Հնարավոր է՝ Մորիսն ավելի մեծ բարձունքների կհասներ, եթե չլիներ հիվանդությունը: Մոտավորապես 1945 թ.-ից ի վեր Մորիսի առողջությունը սկսեց էականորեն վատթարանալ: 1953-ին կայացավ նրա վերջին մարտը: Կառլ Պոջելոյի մահը Մորիսի համար մեծ ցնցում էր, երը վերջինս չկարողացավ հաղթահարել: Այսպես՝ լավագույն ընկերները նույն օրը՝ 1954 թ. սեպտեմբերի 4-ին, հեռացան կյանքից: Նրանց թաղեցին ընդհանուր գերեզմանում:

Չնայած տհաճ արտաքնին՝ Մորիս Տիյեն բարեհոգի ու բարեհամբույր մարդ էր: Մյուսներից նա հատկապես առանձնանում էր հումորի սուր զգացումով: Մորիսը չէր ամաչում հնագիտության թանգարանում նեանդերթալացների կողքին դիրք ընդունել ու ծիծաղեցնել մյուսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել