Ֆրանսիայի իշխանությունները քննարկում են հարցերի ամենալայն շրջանակի շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, ի պատասխան «դեղին բաճկոնավորների» պահանջների, որոնք անցած տարվա նոյեմբերից ի վեր բողոքում են գների և հարկերի բարձրացման դեմ: Ինչպես հաղորդում է Le Journal du Dimanche պարբերականը, հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մայիսի 26-ին՝ Եվրոպական պառլամենտի կայանալիք ընտրությունների օրը:

Միևնույն ժամանակ, իշխող շրջանակներում տարաձայնություններ կան հանրաքվեի անհրաժեշտության և անցկացման ժամկետի վերաբերյալ:

Նախագահի նեղ շրջապատի ներկայացուցիչը նշել է, որ Մակրոնը «դեղին բաճկոնավորների» ճգնաժամի շրջանակում հետագա զարգացումների չորս տարբերակ է դիտարկում, սակայն ոչ  արհմիությունների հետ բանակցությունները, ոչ  խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները, ոչ կառավարության վերակազմավորումը որոշակի պատճառներով ընդունելի չեն:

Մակրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է ազգային մեծ բանավեճ, ի պատասխան հարկերի աճի և կենսամակարդակի անկման դեմ «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների: Քաղաքացիներին առաջարկվել է կոնկրետ թեմաներով կարծիքներ ներկայացնել իրենց քաղաքների քաղաքապետարաններ, ինչպես նաև մասնակցել ամբողջ երկրով մեկ կազմակերպվող քննարկումներին: Մակրոնը և երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես մասնակցել են քննարկումներին:

Վերջին շաբաթների ընթացքում «դեղին բաճկոնավորների» շարժման հիմնական պահանջներից մեկը եղել է «քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեի» անցկացումը: Բողոքի գործողությունների մասնակիցները պնդում են երկրում նման գործիքի անհրաժեշտությունը, որի միջոցով քաղաքացիները կարող են ուղղակիորեն քվեարկել օրենսդրական փոփոխությունների և ազգային նշանակության մի շարք հարցերի դեպքում, եթե այս կամ այն նախաձեռնությունը հավաքի անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել