168.am-ը գրում է.

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձավ նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը, ում պատկանող բոլոր ընկերությունները սնանկ են ճանաչվել: Նրան հիմա Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ոտքի կանգնեցնելու համար 500 միլիոն դրամ է անհրաժեշտ:

«Ինձ ընդամենը 500 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ, որ Բաղրամյանի թռչնաֆաբրիկան աշխատի՝ 150-160 աշխատատեղով: Սա նախադեպ կարող է լինել: Ես անհնարին բան չեմ ուզում: Ծրագիր կա, համաձայն որի՝ պետությունն է դառնում ֆաբրիկայի սեփականատեր՝ 99 տոկոսով: Վարկային կազմակերպություն է, բայց պետական: Իրենք, երբ այդ ծրագրով գումար են հատկացնում, և՛ իրենց գումարն ես մարում, և՛ առողջանում ես: Կառավարմանն էլ պետությունը մասնակցում է: Դիմել եմ, բայց դեռ տեղաշարժ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Խաչատրյանը:

Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը նշեց, որ մինչ օրս չի կարողացել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Պարզապես խնդրում եմ՝ դադար տան այս գործընթացներին, ու ես սկսեմ աշխատել: Գոնե Փաշինյանը մի 30 րոպեով  ընդունի՝ խոսենք: Ես 8 հոգանոց ընտանիք ունեմ, երեք անչափահաս կա տանը, ո՞նց անեմ, ասեք՝ ի՞նչ անեմ:

Ես բոլորին շատ եմ օգնել ժամանակին, իսկ հիմա պահ է լինում, որ գալիս են իմ գազն ու լույսն անջատելու: Աղջիկս վատառողջ է, չեմ կարողանում տանել Եվրոպա բուժման, երբ որ մոտ 10 ընտանիքի նախկինում ուղարկել եմ Եվրոպա՝ բուժվելու: Ուզում եմ՝ իմ մարդ տեսակի մասին էլ իմանան, ոչ թե նայեն աչքերիս մեջ ու ասեն, թե՝ մարդ է, եկել է:

Ես բիզնեսմեն չեմ եղել, առաջին հերթին՝ մարդ եմ եղել: Մտե՛ք եկեղեցի, հիվանդանոց, ու տեսեք՝ նեղության մեջ գտնվող մարդ եղե՞լ է, որ ես չեմ օգնել»,- նշեց գործարարը:

Մի քանի տարի առաջ Արմենակ Խաչատրյանը գնել է Բաղրամյան թռչնաֆաբրիկան և ստանձնել մյուս երեքի կառավարումը (Գնդեվազում, Եղեգնուտում և Վարդենիսում)։ Շուկայում եղել է մրցունակ:

Հարցին՝ ինչո՞ւ էր հայտնվել նախկին իշխանությունների թիրախում, նախկին գործարարը պատասխանեց.

«Կյանքում ամեն ինչի հասել եմ սեփական քրտինքով, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, հավանաբար այդ պատճառով նման կերպ վարվեցին ինձ հետ՝ խլելով բիզնեսն ու սեփականությունը։

Ժամանակին ասում էի՝ ինչո՞ւ եք մեր զինվորին  Ամերիկայից ներկրված հավի բուդ տալիս, ինչո՞ւ պետք  է նա դա ուտի, դա անգամ ամերիկացիներն  իրենց շներին չեն տալիս: Սվիններով ընդունեցին խոսքերս: Ես նախկին իշխանությունների համար օտար  էի։ Ահա նրանք էլ իմ դեմ լարեցին հարկային մարմնին։  Պարտքեր գրեցին և սկսեցին տույժեր ու տուգանքներ նշանակել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել