Շարունակելով Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցից առաջ, ըստ իս, նաև նշանաբանական կարևորություն ունեցող և դրական խորապատկեր ապահովող քայլերի մասին գրառումներս, այս անգամ կուզենայի անդրադառնալ ևս մի ուշագրավ հանգամանքի։

Դժվար է թերագնահատել սոցիալական ցանցերի տարածման արդյունքում արդի աշխարհում լայնորեն կիրառվող, այսպես կոչված, «թվիթերյան դիվանագիտության» (որի համար նույնիսկ ստեղծվել է հատուկ եզրույթ՝ «Twiplomasy») նշանակությունը։ Մյուս կողմից, Իրանն ի մոտո ճանաչող յուրաքանչյուր մասնագետ գիտե, որ իրանցիներն, ըստ էության, պոեզիայի ժողովուրդ են և չեն կարող այդպիսին չլինել՝ հաշվի առնելով այն ահռելի գրական ժառանգությունը, որն Իրանը և պարսից լեզուն ճանաչելի է դարձրել քաղաքակիրթ աշխարհով մեկ։

Այս առումով, կարծում եմ՝ այցի նախաշեմին խիստ բարենապաստ ազդեցություն կարող է թողնել սոցիալական ցանցերում Հայաստանի վարչապետի որևէ համառոտ գրառում Իրան մեկնելու մասին, որի մեջ կարելի է բառացիորեն նշել՝ «ինչպես իրանցի մեծ բանաստեղծ Նիզամին Գանջավին է ասում՝» և հենց պարսկերենով մեջբերել Իրանին նվիրված նրա հայտնի բանաստեղծական տողը՝ «Ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ», ինչը ոչ միայն հզորագույն դրական ուղերձ կլինի մեր բարեկամ իրանցիներին, այլև քարոզչական լուրջ հարված՝ Նիզամիին «ադրբեջանականացրած» Բաքվի բռնապետի վարչակարգին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել