Armenpress.am-ը գրում է.

Իրաքյան խոհանոցի անբաժան մասը կազմող ուտեստները հայտնի շեֆ-խոհարար Աշրաֆ Աբու Զայդի միջոցով մատուցվեցին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպում-համտեսն անցկացվեց  փետրվարի 1-ին «Բաբելոն» ռեստորանում:

«Իրաքյան համեմունքների շնորհիվ մեր խոհանոցը տարբերվում է այլ երկրների խոհանոցներից»,- նշեց  շեֆ-խոհարարը:

Նա պատմեց Միջագետքի հարուստ խոհանոցի ավանդույթների մասին, ծանոթացրեց իրաքյան հայտնի ուտեստների՝ «Մուսուլի քուֆթայի», «Ղուզիի», ամենահին ազգային ուտեստ «Իրաքյան մասկուֆի» պատրաստման եղանակներին:

Աշրաֆ Աբու Զայդն ասաց, որ «Մուսուլի քուֆթան» նման է հայկական «Իշլի քուֆթա»-ին, սակայն դրանում առկա է չամիչ, որը յուրահատուկ քաղցրություն է հաղորդում ուտեստին: «Մենք օգտագործում ենք նաև պոպոք, արաբական յուրատեսակ համեմունքներ»,-շեշտեց նա:

Անդրադառնալով «Իրաքյան մուսկուֆին»` շեֆ-խոհարարը պատմեց, որ այն պատրաստման հնագույն և իրաքյան խոհանոցում ազգային համարվող բաղադրատոմս ունի: «Դրա պատրաստման ավանդույթները գալիս են հին Միջագետքից: Երկու գետերի` Տիգրիսի և Եփրատի տարածքի ազգությունների համար կյանքի գլխավոր աղբյուրը եղել է ջուրը, իսկ սննդի հիմնական բաղադրիչներից մեկը` ձուկը: Մուսկուֆի պատրաստման ձևը միաժամանակ պարզ է և հանճարեղ. ձուկը ծխեցվում է, ապա հատուկ թափանցիկ օջախում յուրահատուկ եղանակով շրջապատվում է այրվող կաղնու փայտով և խորովվում կրակի տաքությունից: Պատրաստման եղանակի շնորհիվ ձկան մսի արտաքին շերտը ստացվում է խրթխրթան և փայտի բույրով ու ծխով հագեցած»,- ներկայացրեց նա:

«Ղուզին», որը ևս ավանդական իրաքյան հիմնական ուտեստ է, պատրաստվում է՝ համեմված գառան մսով` բրնձի, բոված ընդեղենի հետ:

Աշրաֆ Աբու Զայդի խոսքով` առաջին հայացքից իրաքյան որոշ ուտեստներ նման են արաբական, սիրիական, լիբանանյան ուտեստների, սակայն խոհանոցն ունի յուրահատուկ շեշտադրումներ  և համատեղում է աքքադական, շումերական, բաբելոնյան և ասորական խոհանոցային մշակույթների հարուստ ժառանգությունը:

Աշրաֆ Աբու Զայդը 2011 թվականից գլխավորում է «Սամադ Ալ Իրաքի» հայտնի ռեստորանային ցանցի (Լոնդոն, Բաղդադ, Կուալա Լումպուր, Մասկատ) Դուբայի մասնաճյուղի խոհանոցը: Նա խոհարարական մրցույթների ժյուրի է, Միացյալ Էմիրությունների խոհարարների ասոցիացիայի անդամ, Դուբայում սիրիական խոհարարների ասոցիացիայի փոխնախագահ: Միջազգային խոհարարական մրցույթներում արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել