Արհեստական ինտելեկտի (ԱԻ) հետ կապված ուսումնասիրություններն արագ զարգացում են ապրում, ինչի մասին վկայում է գյուտերի համար պատենտային հայտերի աճը և այդ ոլորտում կատարվող հայտնագործությունները՝ գրում է TASS-ը:

Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության (ԻՍՀԿ)՝ Ժնևում հրապարակված զեկույցի համաձայն՝ «այդ աճը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում ԱԻ-ն տեսական հայեցակարգից վերածվել է համաշխարհային շուկան նվաճած իրական արտադրանքի»:

«Տեխնոլոգիաների զարգացման միտումները» վերտառությամբ զեկույցի հեղինակները վերլուծել են այս «արտադրանքի» հետ կապված 340 հազարից ավելի պատենտային հայտեր և 1,6 մլն գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են 20-րդ դարի 50-ական թվականներից ի վեր: Պարզվել է, որ հայտնագործությունների կեսից ավելինի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են 2013 թվականից հետո, ինչը խոսում է «պատենտավորման սրընթաց աճի» մասին:

ԱԻ-ի ոլորտում պատենտների հայտերի համաշխարհային վարկանիշի թոփ-30-ում մեծամասնությունը կազմում են ընկերությունները (26): Բացի նրանցից՝ առաջին երեք տասնյակի մեջ մտնում են համալսարանները և պետական գիտահետազոտական կազմակերպությունները: Ընդ որում՝ պատենտային փաստաթղթերի մեկ երրորդում խոսվում է «մեքենայական ուսուցման» և, առաջին հերթին՝ «նեյրոնային ցանցերի մասին»: Այդ տեխնոլոգիաների համար պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 9567-ից 2016 թվականին ավելացել է մինչև 20195, այսինքն՝ 111 տոկոսով: Առավել ակտիվորեն զարգանում է «խորքային ուսուցումը՝ որպես մեքենայական ուսուցման մեթոդ»-ը, դրան վերաբերում են խոսքի ճանաչման համակարգերը:

ԱԻ-ի տեխնոլոգիաների համար պատենտների 49 տոկոսում հիշատակվում է համակարգչային տեսողությունը, որը ներառում է պատկերների ճանաչման տեխնոլոգիան և շատ կարևոր նշանակություն ունի անվարորդ ավտոմեքենաների համար: 265 տոկոսով ավելացել է ռոբոտատեխնիկայի բնագավառում ԱԻ-ի օգտագործման հայտերի թիվը: Փոխադրումների սեկտորում, ներառյալ ինքնավար փոխադրամիջոցները, պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 3738-ից 2016 թվականին աճել է մինչեւ 8764: Էական աճ է դիտվում նաև հեռահաղորդակցության, բժշկության և հաշվողական տեխնիկայի բնագավառում:

Աշխարհում ԱՀ-ի ոլորտում հայտնագործությունների պատենտներ ունեցող 20 խոշորագույն ընկերություններից 12-ը ճապոնական են: Սակայն աշխարհի առաջատարները ԱՄՆ-ի երկու ընկերություններ են՝ IBM-ը (8920 հայտնագործություն՝ 2016 թվականի դրությամբ) և Microsoft-ը (5223):

Առաջին քսանյակի մեջ մտել են Կորեայի Հանրապետության երկու ֆիրմաներ (Samsung-ը և LG Corporations-ը) և երկու ընկերություն Գերմանիայից (Siemens-ը և Bosch-ը):

ԱԻ-ի բնագավառում առավել ակտիվորեն պատենտներ ստացող 20 համալսարաններից և պետական գիտահետազոտական կազմակերպություններից բաղկացած ցուցակում առաջնությունը պատկանում է Չինաստանին (20-ից 17-ը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել