ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները:

Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել ընդլայնմանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումը 2018 թ. մայիսի 17-ին եւ հույս հայտնել, որ Պատգամավորների պալատը եւս չի ուշացնի փաստաթղթի ընդունումը:

Պետր Միկիսկան Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների շնորհավորագրերը:

Դեսպանը կարեւորել է Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձեւավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ Պետր Միկիսկան արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման գործում: Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել