«Հրապարակն» իր խմբագրականում գրում է. «Երեկ համացանցում պտտվում էր ինչ-որ մեկի կազմած ցանկը՝ հե­ղափոխությունից հետո տեղի ունե­ցած դրական փոփոխությունների: 17 կետ՝ մեկը մյուսից աբսուրդ:

Կետերի մեծ մասը խոստումներ են, օրինակ՝ «Երևանում կկառուցվի ինովացիոն պարկ» կամ՝ «ինժենե­րական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի դպրոցներում»: Մի մասը՝ ուղղակի դատողություններ, ասենք՝ «Մենք չենք քննարկել «տա­րածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը», կամ «ԵՄ-ն դրական է վե­րաբերվում Հայաստանի հետ վիզա­յին ռեժիմի ազատականացմանը»:

Կան պարզապես ծիծաղաշարժ կե­տեր, օրինակ՝ «Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» Էջը», կամ «Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը, վարչապետի աշխատակազմն անց­նում է թվային թղթի»:

Չես հասկա­նում՝ ինչ է մտածել ցանկը կազմողը, երբ պարգևավճարների աղմուկից հետո գրել է. «Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշ­խատավարձի 25 տոկոսի չափով խրախուսում են ստացել»: Կարելի էր անգամ ենթադրել, որ այս ցանկը «հակառակորդ» թիմն է կազմել՝ նոր իշխանություններին վարկաբեկելու և նրանց անգործությունն ի ցույց դնելու համար, եթե այս կետերը տեղադրված չլինեին «Քաղպայմանագրի» վարչության անդամ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջում:

Եթե մտքի, վերլուծության դեֆիցիտ կա նոր իշխանության շրջանում, կա­րող էին պարզապես խնդրել, և մենք ավելի խելամիտ ու համոզիչ ցանկ կկազմեինք այս ամիսներին տեղի ունեցած դրական փոփոխություն­ների վերաբերյալ:

Ասենք, օրինակ, առաջին կետում կգրեինք արդար, թափանցիկ ընտրությունների կազ­մակերպման փաստը, որը հեղափո­խության ամենամեծ ձեռքբերումն է: Երկրորդում կգրեինք քրեաօլիգարխիկ կլանների վերացումը կամ գոնե պասիվացումը:

Ակնհայտ է, որ հայաստանյան իրա­կանությունը ձևավորող նախկին կլաններն այսօր այլևս դերակատար չեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել