168.am-ը գրում է.

Apple ընկերությունը 2019 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ինչպես հասույթի, այնպես էլ շահույթի նվազում է արձանագրել: Այդ մասին վկայում է հրապարակված հաշվետվությունը:

Երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերի 29-ին, ընկերության ընդհանուր հասույթը կազմել է 84,31 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 19,97 մլրդ դոլար:

Երկու ցուցանիշներն էլ նվազում են արձանագրել 2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ Apple-ի հասույթը կազմել էր 88,29 մլրդ դոլար, իսկ շահույթը՝ 20,06 մլրդ դոլար: The Wall Street Journal թերթը նշում է, որ սա վերջին մոտավորապես տասը տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազել է Apple-ի թե՛ հասույթը, թե՛ զուտ շահույթը:

Հրատարակությունն արձանագրում է, որ այս եռամսյակին են բաժին ընկնում ձմեռային տոները, երբ մարդիկ ավանդաբար նվերներ են գնում: Ընկերությունը նաեւ կանխատեսումներ է ներկայացրել 2019 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Apple-ում ակնկալում են, որ նշված ժամանակաշրջանում հասույթը կկազմի 55 միլիարդից մինչեւ 59 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել