«ԱՄՆ-ն վերջերս առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում արցախյան  հակամարտության կարգավորման գործընթացում: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն միշտ էլ ջանքեր է գործադրել հիմնախնդրի լուծ­ման ուղղությամբ, սակայն նրա շա­հագրգռվածությունը վերջերս ավելի ակնհայտ է:

Ընդ որում, այս գործընթացը կոորդինացնում է անձամբ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի ազգային անվ­տանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը 2018թ. հոկտեմբերին տարածաշրջանային այցով ժամանել էր նաև Հայաստան ու Ադրբեջան: Այդ այցի շրջանակում նա և´ Երևանում, և´ Բաքվում խոսել էր ԼՂ խնդրի կարգա­վորման մասին:

Մասնավորապես, Բոլթոնը Բաքվում հայտարարել էր, թե ԼՂ խնդրի կարգավորումը ռազմավարական տեսանկյունից իրենց համար կարևոր նշանակություն ունի, իսկ արդեն Երևա­նում նա ասել էր, թե հիմնահարցի կար­գավորումը բխում է ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ շահերից: Նա նաև ակնարկել էր, որ եթե ԱԺ արտա­հերթ ընտրություններում Փաշինյանի գլ­խավորած ուժը հաղթի, «նա կունենա ու­ժեղ մանդատ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար»:

Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ նա հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ քննարկումների հիմնական թեման եղել է Արցախի հիմնախնդիրն ու հակա­մարտության կարգավորման հեռանկա­րը:

«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նա­խագահ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք մի շարք ընդհանուր հետաքրքրու­թյուն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներ­գետիկ անվտանգության, անվտանգու­թյան ոլորտում համագործակցության ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգա­վորման գործընթացին ԱՄՆ աջակցու­թյան շուրջ»,- գրել է Բոլթոնը թվիթերի իր էջում՝ առանց հավելյալ մանրա­մասներ հայտնելու:

Նկատենք, որ ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Բոլթոնը հեռախոսազրույց էր ու­նեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ մասին տեղեկատվու­թյուն տարածելիս Փաշինյանը հատուկ շեշտել էր, թե իրենք ԼՂ հիմնախնդիրը չեն քննարկել, այլ խոսել են տարածաշր­ջանային իրավիճակի և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երեկ էլ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանը, կրկին խոսելով Ջոն Բոլթոնի հետ իր ունեցած հեռախո­սազրույցի մասին, նշել է, թե զրույցի ըն­թացքում Ղարաբաղի հարցը չի քննարկ­վել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել, «Ադրբեջան» անունը ևս չի շոշափվել:

Թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի ԼՂ խնդրի կարգավորման հարցում առա­ջընթաց գրանցել, ցույց կտա ժամանա­կը: Սակայն փաստ է, որ և´ ԱՄՆ-ն, և´ ՌԴ- ն, և´ Ֆրանսիան ժամանակ առ ժամա­նակ փորձում են այս գործընթացն առաջ մղել՝ ստանձնելով դերակատարություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել