Փաստաբանության (իրականում՝ փաստաբանական ծառայություններ ստացողների) հարկային բեռն ու «թղթաբանությունն» ավելացնելու Կառավարության բուն հիմնավորումն այսօր բացահայտվեց ֆինանսների փոխնախարարի շուրթերով։ «Ի՞նչ է, ազգովի հանցագործների՞ն պետք է սուբսիդավորենք»,- լուրջ դեմքով փաստարկել է փոխնախարարը՝ նկատի ունենալով, որ փաստաբանական ծառայություններ հայցողների մի մասը «հանցագործ է»։

«Ա՜յ քեզ բան»,- մտածում ենք շատերս՝ զարմանալով փոխնախարարի դավանած իրավաքաղաքական հայացքների վրա, զարմանալով, թե իրավական մշակույթից ու սահմանադրական արժեքաբանությունից որքան հեռու են որոշ աթոռատեր պարոնայք։

Բայց այստեղ առկա է նաև հետևողականության խնդիր։ Ինչո՞ւ չի պարոն փոխնախարարն առաջարկում, օրինակ, հրաժարվել «ազգովի սուբսիդավորելուց» բուժօգնությունը «հանցագործների» նկատմամբ, կամ կրթությունը «հանցագործների» զավակների նկատմամբ, կամ կենսաթոշակները «հանցագործների» ծնողների նկատմամբ։

Այսպիսով՝ շտապ անհրաժեշտ է ներդնել «անցումային կրթության» համակարգ, առաջնահերթ ներգրավել օրենք գրող ու կիրառող կասկածելի արժեքաբանությամբ ու տրամաբանությամբ սուբյեկտներին, և նրանց փորձել մի քիչ ուսուցանել իրավական մշակույթ և տրամաբանություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել