Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ հաստատում են իշխանության խաղաղ անցումն ու վկայում բարեփոխումների նկատմամբ հայ հասարակության անխախտ ցանկության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Գերմանիայի Բունդեսթագի Արևելյան Եվրոպայի քաղաքականության խոսնակ Մանուել Սարազինի հայտարարության մեջ, որում նա ողջունում է 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու շնորհավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աներկբա հաղթանակի կապակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանը բավական երկար ժամանակահատվածում առաջին անգամ անցկացրեց ազատ ու թափանցիկ ընտրություններ:

«Այդուհանդերձ, քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված ընտրական բարեփոխումներն անհրաժեշտություն են՝ ապահովելու ժողովրդավարական ստանդարտներ ապագա ընտրություններում և զարգացնելու կուսակցական համակարգը, որը կարտացոլի Հայաստանի հասարակության բազմակարծությունը: Այժմ եկել է կայուն ժողովրդավարություն կերտելու ժամանակը, երբ մերժվում են կոռուպցիան ու հանցավորությունը և ապահովվում է առողջ աճ»,-նշել է Սարազինը:

Նա հավատացած է, որ Գերմանիան և Եվրամիությունը պետք է սատարեն քաղաքական այդ դինամիկ զարգացմանը և ավարտին հասցնեն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Գերմանիայում և ԵՄ-ում:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են 2018թ. դեկտեմբերի 9-ին: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է խորհրդարանական մանդատների մեծամասնությունը՝ 132 տեղից ունենալով 88 մանդատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել