Armdaily.am-ը գրում է.

Armdaily.am-ին են կրկին դիմել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներից, ովքեր դժգոհ են իրենց գյուղապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանից։ Նրանք հիշեցրին, որ անցած տարեվերջին, երբ դժգոհում էին իրենց գյուղապետից իրենց առաջարկել էին նրանից հրաժարվելու ստորագրահավաք սկսել: «Մենք ստորագրությունները հավաքեցինք, մեզ հրավիրեցին կառավարություն։ Գյուղացիներից մոտ 40 հոգի գնացել էինք, սակայն որևէ էական պատասխան չստացանք։ Հիմա վերադարձել ենք գյուղ սակայն գյուղապետը բոլորին ահաբեկում է, ասում է «հացներդ ցամաք կերաք», կարելի է մտածել մինչ այդ չէինք ուտում։ Հիմա գյուղացիները փակել են գյուղի ճանապարհը։ Գյուղը լցված է ոստիկաններով։ Գյուղապետը ասում է ինձ Փաշինյանն է պահում, գնացեք ուր ուզում եք բողոքեք»,-պատմեցին գյուղի բնակիչները։

Հիշեցնենք, գյուղապետը տևական ժամանակ է, ինչ համագյուղացիների հետ լարված հարաբերությունների մեջ է, ինչի մասին գյուղացիները հայտնել էին Նիկոլ Փաշինյանին։

Գյուղացիները Armdaily.am-ին պատմել էին, որ հեղափոխության օրերին գյուղապետը սպառնում էր բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին հանրահավաքներին.«Դպրոցի պատուհանները մեխերով փակել էր, որ երեխաները չկարողանան դուրս գալ դպրոցից»: Գյուղացիները նշում էին, որ ամբողջ գյուղը վախի մթնոլորտում է ապրում. «Հանգիստ քեզ համար կարող ես տանը նստած լինել, ու հանկարծ մի քանի մեքենաներով, գան տունդ շրջափակեն, ոնց որ ԱԱԾ-ն լինեն: Գալիս են վախեցնում բոլորիս, թե դուրս մի եկեք գյուղապետի դեմ»,-պատմում են գյուղացիները։ Նրանք նշում էին, որ ելք չեն տեսնում։ Գյուղացիներ, ասացին որ 750-ից ավելի ստորագրություններ են հավաքել, հիմա գյուղապետը հատ-հատ կարդում է անուններն ու մարդկանց անմարդկային կերպով ահաբեկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել