Yerkir.am-ը գրում է.

Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանին լարվածության նվազման միտում է նկատվում, ավելին, Ադրբեջանից հնչում են մի փոքր այլ տիպի հայտարարություններ, որոնց թվում կան նաև համատեղ հայտարարություններ՝ հասարակություններին  խաղաղության նախապատրաստելու մասին: Իհարկե, այլ հարց է, թե որքան կայուն է լարվածության նվազման միտումը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և որ գնում է նաև բանակցությունները  վերակենդանացնելու գործընթաց:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն այս պահին փորձում է 180 աստիճանով շրջել բանակցողի իր իմիջը:

«Մինչ այս Հայաստանը ներկայացվում էր որպես բավականին կառուցողական, որը պատրաստ է փոխզիջման, իսկ Ադրբեջանը միշտ հրաժարվել է և գործընթացը մտցրել փակուղի՝ Կազան, ապրիլյան պատերազմ: Հիմա ՀՀ-ում ռեժիմը փոխվել է և Ադրբեջանը որոշել է ինչ-որ բան անել և փորձում է շրջել ստեղծված պատկերը՝ ցույց տալով, որ Ադրբեջանն է պատրաստ բանակցություններին, իսկ Հայաստանը կանգնեցնում է այն: Թե որքանով սա կհաջողվի Ադրբեջանին, դա կախված է ՀՀ դիվանագիտական կորպուսի արդյունավետ աշխատանքից, ինչպես նաև՝ երկրի ղեկավարների, ավելին՝ իմիջային հարցերի ոլորտում պրոակտիվ քաղաքականությունից: Սա լուրջ և դժվար աշխատանք է: Եթե դա իրականացվի, գուցե հնարավոր լինի դիմակայել Ադրբեջանի այս քաղաքականությանը»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախի տարբեր գործիչների հայտարարություններին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ բնական է, որ այնտեղ մտահոգություններ կան Արցախի հարցի հետ կապված, քանի որ տեխնիկապես Արցախը դուրս է կարգավորման գործընթացից, երկրորդ՝ Հայաստանի նախորդ իշխանությունների հետ ստեղծված հարաբերությունների մեխանիզմն է խախտվել, թեպետ այսօր էլ ԼՂՀ ղեկավարները տեղեկացվում են Արցախի հետ կապված հանդիպումների արդյունքներին:

«Բնական է, որ Արցախում կան որոշակի մտահոգություններ, որը հատուկ է Արցախի հանրային տրամադրություններին, որովհետև տեխնիկապես հեռու են գործընթացից, և այն, որ Վիտալի Բալասանյանը բարձրաձայնեց, դա ոչ այլ ինչ է, քան այն խնդիրների վերհանում, որն առկա է Արցախում: Եվ այս ուղղությամբ պետք է աշխատել, մշտական փոխգործակցություն ապահովել՝ վերացնելու կասկածները: Մյուս կողմից՝  Երևանում և Ստեփանակերտում միշտ էլ տարբեր ընկալումներ են եղել, այն է՝ «ոչ մի թիզ հող» թեզը Ստեփանակերտում միշտ էլ մենսթրիմային է եղել, Երևանում այն համատարած այդպիսին դարձավ ապրիլյան պատերազմից հետո, մինչ այդ կային միայն որոշ մարգենալ գործիչներ, լրագրողներ, հիմա կրկնում եմ՝ հայաստանյան հանրային կարծիքում այս թեզը ևս մենսթրիմ է»,-ընդգծեց քաղաքագետը: 

Չանտեսելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի զրույցները ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, ուստի հնարավոր չէ, որ Ջոն Բոլթոնի հետ զրույցում չշոշափվի Արցապի խնդիրը, երկրորդ՝ ՀՀ-ին և Ադրբեջանին ԱՄՆ-ի հետ կապում են նաև ՌԴ-ի և Իրանի հետ կապված հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել