Armtimes.com-ը գրում է.

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ երեկ տեղի ունեցած զինված միջադեպի գործով եւս մեկ անձ է ձերբակալվել:

Մեր տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ ձերբակալվածը կասկածվում է սպանության փորձի եւ խուլիգանություն կատարելու համար:

Տեղեկացանք, որ ձերբակալվածը Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Արթուր Թովմասյանն է. նա «Շշի Մելոյի» ազգականներից չէ, այլ վիճաբանության մյուս կողմից: 

Նշենք, որ միջադեպի մասնակիցների թիվը հասնում է շուրջ 20-ի:

Երեկ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի 24-ամյա որդին՝ Շանթը:

Միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել Մանուկյանի եղբորորդին եւ քրոջ որդին. ընդհանուր առմամբ 7 տուժածներից 5-ը նրա հարազատներն են:

Երել տեղեկացրել էինք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Աբովյանում գտնվող վուլկանիզացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել «Շշի Մելոյի» ազգականների եւ աշխատակիցների միջեւ: Աշխատակիցները դժգոհել են նրանց խոսելու տոնից, ինչն էլ հանդիսացել է վիճաբանության պատճառ. կողմերը պայամանվորվել են ուշ ժամի հանդիպել «Պարտեզ» ռեստորանի տարածքում ու շարունակել խոսակցությունը: Արդեն ռեստորանի տարածքում վիճաբանությունը վերածվել է փոխհրաձգության:

Դեպքի վայրից տարբեր տեսակի փամփուշտներ են հայտնաբերվել, ինչ էլ նշանակում է, որ դեպքի վայրում տարբեր զենքեր են աշխատել:

Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով սպանվել է 30-ամյա Արտաշես Գեւորգյանը: Նա Աբովյան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է ) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով,  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել