Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Սալեհին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մանրամասները, «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, ինչպես նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը և դրա ծավալների ավելացման հնարավորությունը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, որտեղ իր առանձնահատուկ դերն ունեն  նշված ծրագրերը: Կարևորվել է նաև ոլորտի պաշտոնատար անձանց փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ և շուտափույթ լուծում:

 Գարեգին Բաղրամյանը և Հոմայուն Հաերիին նշել են, որ շարունակելու են  հետևողական լինել, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել