Ֆրանսիացի լեռնագնաց Ալեն Ռոբերը, որը հայտնի է որպես «Սարդ-մարդ», հունվարի 29-ին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա երկնաքեր է բարձրացել Ֆիլիպինների մայրաքաղաքային տարածաշրջանում գտնվող Մակատի քաղաքում: Այդ մասին հայտնել է Philippine Daily Inquirer թերթը:

Նրա տվյալներով՝ Ռոբերը բարձրացել է ավելի քան 217 մետր բարձրություն ունեցող G.T. International Tower երկնաքերի վրա, որը մտնում է երկրի ամենաբարձր շենքերի տասնյակի մեջ: Ֆրանսիացին աշտարակի «սանձահարումն» սկսել է տեղական ժամանակով մոտավորապես 10:40-ին (Երեւանի ժամանակով 06:40-ին): Սարդ-մարդին դիտելու համար հավաքվել էր մոտավորապես 500 մարդ:

Վերելքի ավարտին լեռնագնացին սպասում էր ոստիկանությունը, որը նրան տեղափոխել է բաժանմունք: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, Ռոբերին կարող են մեղադրանք առաջադրել անօրինական ներթափանցման եւ հասարակական կարգի խախտման համար: «Սարդ-մարդն» ինքը հայտարարել է, որ իրեն չի հաջողվել ավարտել վերելքը, քանի որ մինչեւ շենքի գագաթը մնացել էր մեկ մետրից ավելի: Հոկտեմբերին բրիտանական դատարանը Ռոբերին չորսուկես ամսվա բանտային կալանքի էր դատապարտել Լոնդոնի-Սիթիի Heron Tower 230-մետրանոց երկնաքերը բարձրանալու համար՝ պատժի կրումը հետաձգելով երկու տարով:

Ռոբերն առանց ապահովագրման եւ հատուկ հանդերձանքի երկնաքերների նվաճման գործում ունեցած ձեռքբերումների համար ավելի վաղ հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում: Նա աչքի է ընկել աշխարհի ամենաբարձր շինությունները կատարած վերելքներով: «Մարդ-մարդը» նվաճել է Պետրոնաս աշտարակները Քուալա-Լումպուրում, տարբեր երկրների բանկերի գրասենյակները, Մոսկվայի պետհամալսարանի գլխավոր շենքը եւ աշխարհի ամենաբարձր շենքը՝ «Բուրջ Խալիֆա» երկնաքերը Դուբայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել