168.am-ը գրում է.

«Ծրագրում եմ լինել Մյունխենում, բայց բարձրաստիճան հանդիպումների մասին հայտարարում ենք համաձայնեցնելուց հետո՝ ըստ ավանդույթի»,- այս մասին այսօր ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպումից հետո հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մյունխենի անվտանգության համաժողովում նախատեսվո՞ւմ են Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև հանդիպումներ: Նախարար Մնացականյանն ասաց, որ ծրագրում է լինել Մյունխենում և հասկանում է նաև, որ իր գործընկեր Էլմար Մամեդյարովը ևս նախատեսում է լինել Մյունխենում, սակայն չի  կարող հաստատել, որ ՀՀ վարչապետը կլինի Մյունխենում:

«Մենք ունեցանք Փարիզի և Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին, այս հանդիպումների հիման վրա մենք համանախագահների հետ խորհրդակցում ենք և խոսում ենք` ինչպես շարժվել առաջ: Ոչինչ չի բացառվում, ինչպես ավանդույթն է՝ հայտարարում ենք հանդիպումների մասին համատեղելուց հետո, ժամկետները փորձում ենք համաձայնեցնել և տեղեկացնել մեր հասարակություններին»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով վերջին օրերի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ռազմատենչ երանգներ ունեցող հայտարարություններին և դրանք խաղաղության հետ համատեղելու հնարավորություններին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հայկական դիրքերը և վստահությունը՝ դիրքերի հարցում, եղել և մնում է շատ բարձր:

Նա նշեց, որ շատ ցավում է, որ նման հայտարարություններ են եղել:

«Մեր դիրքորոշումները բոլորին ավելի քան պարզ են, ավելի քան հայտնի են, Դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, Դուք գիտեք` ինչպես ենք մենք վերաբերվում անվտանգությանը, ստատուսի հարցը, կրկնում եմ, որոշում է ԼՂ ժողովուրդը, անվտանգությունը նշանակում է, որ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ապահովում է համապարփակությունն անվտանգության: Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան  կարողություններ ունենք պաշտպանելու թե՛ ԼՂ-ն, թե՛ Հայաստանը:

Մենք այդ վճռականությունն ունենք, կարիք չունենք ամեն անգամ դուրս գալու և դրա մասին կրկնելու, մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս հարցը, դրա համար է, որ նման գործընթացում պրոգրես ունենալու համար շատ էական է նաև ունենալ նման միջավայր»,- հստակեցրեց Մնացականյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել