Անցյալ շաբաթավերջին մոտ 30 գրողներ ու փիլիսոփաներ, որոնց թվում են Օրհան Փամուկը, Միլան Կունդերան, Սալման Ռուշդին, Սվետլանա Ալեքսիևիչը, Դավիդ Գրոսմանը, Բեռնար Անրի-Լևին և այլոք, Եվրոպայի բնակիչներին ուղերձ են հղել՝ կոչ անելով պայքարել մայրցամաքում տարածվող ազգայնական պոպուլիստական գաղափարների դեմ:

Հեղինակները հայտարարել են, որ նման մթնոլորտում այս տարվա մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարող են հանգեցնել այն շարժումների հաղթանակին, որոնք կոչ են անում ոչնչացնել եվրոպական հիմնական հումանիստական արժեքները և ճանապարհ հարթել այլատյացության ու հակասեմականության տարածման համար:

«Մայրցամաքը խոցելի է իր գործերին Կրեմլի տիրոջ անամոթ միջամտության առաջ: Եվրոպան՝ որպես գաղափար, քայքայվում է մեր աչքի առաջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրենց «Եվրոպայի հայրենասերներ» անվանող նամակի հեղինակները նշում են, որ ֆաշիզմի դեմ հաղթանակից 75 տարի և Բեռլինի պատի անկումից 30 տարի անց քաղաքակրթությունը կանգնած է նոր՝ ազատական ժողովրդավարության և նրա արժեքների ոչնչացման մարտահրավերի առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել