168.am-ը գրում է.

«Ավտորիտար Իրանի» մասին պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթի հատվածը, կանխատեսելիորեն մեծ աղմուկ առաջ բերելով և բուռն քննարկվելով, նույնքան կանխատեսելիորեն արագ մոռացվեց՝ տեղը զիջելով ընթացիկ այլ թեմաների քննարկմանը:

Արագ և բուռն արձագանքն անհրաժեշտ էր և արտացոլում էր մեր հանրության առողջ արձագանքելու կարողությունը՝ իր անվտանգության հետ կապված հարցերին, բայց բացի այս՝ անվտանգության հետ ակնհայտ կապից, թեման ունի նաև մի քանի այլ՝ հիմնարար առումներ, որոնց մի մասը գոնե, առիթից օգտվելով, արժե անպայման քննարկել:

Խնդիրը, բնականաբար, անձը չէ, տվյալ դեպքում՝ Կոնջորյանը, այլապես իմաստ էլ չէր ունենա խորանալ հարցի մեջ: Հարցը մտածողությունն է, որի անզգույշ արատահայտիչն էր, տվյալ դեպքում, Հայկը, բայց որը բնավ էլ նրանով չի սահմանափակվում: Խնդիրը նաև այս դեպքում Իրանն ու նրա կառավարման համակարգը չէ, որն ինքնին շատ ուշագրավ խնդիր է, իհարկե: Խնդիրն ունի ավելի լայն սահմաններ և խորն արմատներ հայ իրականության մեջ: Ի՞նչ մտածողության մասին է խոսքը:

Նախ՝ խնդիրը Հայաստանից՝ մի կողմից՝ Հայաստանի առկա պայմաններից, «քարտեզից» (բառացի և փոխաբերական իմաստներով), մյուս կողմից էլ՝ հայոց պատմությունից, Հայաստանի անցյալից կտրված, վերացականություններով ապրելը, մտածելն ու գործելն է, արտաքուստ Հայաստանում, բայց ներքուստ Հայաստանից դուրս ապրելն է:

Պատմությունն իզուր չհիշատակեցի: Վերացականություններով ապրող և մտածող խավի համար երկրի պատմությունը, անցյալը հենց ինքն է գոյություն չունեցող կամ միայն գրքերում ու անցյալում գոյություն ունեցող վերացականություն, որովհետև այդ մտածողությունը չի ընկալում, թե չկա ինքնին վերցված ներկա, որն ընդամենը մի անորսալի պահ է արդեն անցածի և դեռ չեկածի միջև, որ ցանկացած ներկա արդյունք է անցյալում եղածի, գործածի, ստեղծածի, որ երկրի պատմությունն ու երկիրը նույնական են, և որ մեր այսօրն էլ՝ մտքերով, խոսքերով, գործերով, ամեն օր, ամեն վայրկյան ժամանակի անշրջելի հոսքով դառնում է անցյալ, պատմություն, երկիր:

Հայաստանն այլ բան չէ, քան դարերի ընթացքում կայացած, ձևավորված, սերունդների ջանքով ստեղծած և նրանց իսկ սխալներով կորցրած մի անընդհատ կենդանի անհատականություն, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ինքնին, օդի մեջ կախված մի գոյացություն է, այլ մի կողմից՝ միջավայրի՝ տարածաշրջանի, աշխարհի անբաժանելի մի մասը, մյուս կողմից՝ իր պատմական անցյալի, նախորդող հայոց բոլոր պետությունների անբաժանելի, հարազատ շարունակությունն ու ժառագություն, ուր գրում են տառերով, որոնք ստեղծվել են Արշակունի թագավորների օրոք և հրամանով, ապրում են այսինչ պարսկական խանի որոշմամբ մայրաքաղաք դարձած քաղաքում, և այլն, և այլն:

Եվ, որ այդ «ավտորիտար» Իրանը, Թուրքիան, տո հենց Ադրբեջանը, ոչ թե ինչ-որ անուններ են քարտեզի վրա, այլ Հայաստանը շրջապատող շատ նյութական, շատ կոնկրետ «իրողություններ», ընդ որում, և՛ պատմական, և՛ առկա հազարումի կենդանի կապերով, որ դրանք են մեր միջավայրը, այլ ոչ թե՝ Փարիզն ու Բրյուսելը:

Երկրորդ խնդիրն այն է, որ, եթե արտաքուստ «ավտորիտար շրջապատի» մասին խոսքը թվում է շատ նոր և առաջադեմ, և կարող է նույնիսկ յուրահատուկ ապտակ թվալ ավանդական պատկերացումներին, իրականում  իրավիճակի նրբությունն այն է, որ դա այլ բան չէ, քան շատ հին, չափից ավելի ավանդական, արմատներով և էությամբ՝ միջնադարյան մի մտածողության թեթևակի վերաշարադրում արդիական լեզվով: «Դեմոկրատական Հայաստանն ու Վրաստանն ավտորիտար հարևանների շրջապատում» թեզն այլ բան չէ, քան «քրիստոնյա Հայաստանն ու Վրաստանը մուսուլմանական շրջապատում» շատ հին թեզի ակնհայտ «թարգմանությունը» և վերածնման փորձը: Բայց նույնիսկ թարգմանությունը նոր չէ: Դեռևս 19-20-րդ դարում դա արդեն «թարգմանվել էր» հայ մտավորականության և քաղաքական գործիչների նոր սերնդի կողմից՝ որպես «քաղաքակիրթ, եվրոպական ազգ, բարբարոս, ասիական շրջապատում»: Այս թեզն ինքնին կարող է զուտ ակադեմիականի տպավորություն թողնել, բայց կարևորը տվյալ դեպքում դրանից անմիջապես բխող քաղաքական հետևանքներն են՝ «վատ շրջապատի» մեջ ընկած «լավ ազգերն» ակնկալում են փրկություն, օգնություն «խաչակիր բանակից»՝ քրիստոնյա աշխարհից, առաջադեմ մարդկությունից և այլն:

Պարզեցված ձևով սա այն «ավանդական» հայկական քաղաքական մտածողությունն է, որը մերժվեց և հաղթահարվեց ղարաբաղյան շարժմամբ և հիմք դարձավ անկախ Հայաստանի, Երրորդ Հանրապետության, որի գոյության ընթացքում, չնայած բոլոր քաղաքական վայրիվերումներին, այն այլևս երբեք չվերածնվեց, մնաց լուսանցքային դաշտում՝ պաշտոնական խոսքից գոնե հեռու, բայց նաև ընդդիմադիր խոսքում քիչ հանդիպող: Բայց դա չի նշանակում, որ այդ մտածողությունը կորավ, և դրա վերածնման վտանգը չկա: Վտանգը միշտ կա, քանի որ միշտ կա հիմքը, որը համառոտ նկարագրեցինք առաջին կետով՝ վերացականություններով ապրելը, մտածելը, գործելը: Դրա համար էլ այսօր այդքան կարևոր է կանխել ցանկացած փորձ, ծիլ, ակնարկ, որը կփորձի մեր հանրությանը վերադարձնել վաղուց հաղթահարված, բայց ժամանակին մեր ազգին բազմաթիվ կորուստներ և դրանց թվում՝ ամենամեծը՝ Մեծ Եղեռնի անդառնալի ցավը «պարգևած», «ավանդականին»:

Ի դեպ, Հայոց պատմությունից կտրված ապրելը, այն որպես կենդանի իրողություն չվերապրելու լավագույն ցուցիչը հենց այն է, որ այդ մարդիկ չեն գիտակցում, որ, եթե մի անգամ մի քաղաքական մտածողություն հանգեցրել է այնպիսի աղիտալի հետևանքների, ինչպիսին Հայրենիքի և ժողովրդի մեծ մասի կորուստն է, այն այլևս երբեք իրավունք չունի վերածնվելու՝ որպես «կարծիք», «տեսակետ» և այլն: Խոսքը բնավ ձևական իրավունքի մասին չէ, այլ բարոյական և քաղաքական իրավունքի: Քաղաքականությունը, գոնե լուրջ, պաշտոնական, իշխող ուժի ներկայացուցչի, ինչպես, օրինակ, գիտությունը, «կարծիքների» տեղ չէ:

Հասկանում եմ, որ շարադրանքս կարող է ընկալվել՝ որպես անհամարժեք կոշտ: Ինչո՞ւ է, ի վերջո, «ավանդական» մտածողությունն ու նրա մերօրյա վերածննդի փորձերն այդքան վտանգավոր համարվել: Ցավոք, երկու-երեք էջանոց հոդվածի սահմաններում, բնականաբար, չեմ կարող հիմնավորել մի թեմա, որի հիմնավորման համար մի մեծ գիրք է պետք գրել:

Պատահական չէ, որ «ավանդականը» դնում եմ չակերտների մեջ: Դրանով ուզում եմ ասել, որ խնդրո առարկա մտածողությունը, թեև շատ հին ակունքներ և դարերի պատմություն ունի հայերիս մեջ, բայց այն երբեք չի եղել միակը, այլապես հայ ազգը վաղուց գոյություն չէր ունենա. միշտ էլ ունեցել է իր զուգահեռ, հավասարակշռող հայաստանակենտրոն մտածողությունն ու քաղաքականությունը, որի էությունն է՝ մտածել և գործել Հայաստանի չափով, Հայաստանի կշռով, կենտրոնում ունենալով Հայաստանը, որը գերակա է բոլոր տեսակի գաղափարախոսական, աշխարհայացքային մոտեցումների նկատմամբ, վեր է բոլոր տեսակի հասարակարգերից ու կառավարման ձևերից, և ինքն է գերակա քաղաքական գաղափարը, արժեքը և նպատակը, իսկ աշխարհայացքներն ու հասարակարգերն ընդամենը գործիքներ են Հայաստանի, նրա զարգացման, բարգավաճման և ծավալման համար:

Հայաստանակենտրոնության հակադիրն է այն մտածողությունը, որի համար քաղաքականության նպատակը վերացական գաղափարական շահերն են, և որի հաշվարկը ոչ թե սեփական ուժերն են, այլ դրսի հզորների բարյացակամությունը մեր նկատմամբ: Այս մանկամիտ ու շատ հին գավառականությունն է, ահա, որ այսօր իրեն դրել է գերժամանակակից, չտեսնված մի երևույթի տեղ՝ նույնիսկ չգիտակցելով, թե որքան հին ու պահպանողական է իր էությունը: Եթե վստահ չլինեի, որ այս տիպի մտածողության կրողն են իրականում շատ-շատերը, որոնք պարզապես չեն արտահայտում դա կամ էլ նույնիսկ չեն գիտակցում դրա առկայությունն իրենց գլուխներում, չէի անդրադառնա այս թեմային: Բայց մեր վերնախավերի զգալի մասն իրականում շարունակում է մտածել հնամենի կաղապարների «թարմացված» տարբերակներով:

Ես դեռ հիշում եմ այն ժամանակները՝ 1988-ի Շարժմանը նախորդող թվերը, երբ մեզ՝ փոքրերիս, մեծերից շատերը վախեցնում էին՝ «եթե Հայաստանն անկախանա, անմիջապես Թուրքիան և Իրանը» (այո, նաև՝ Իրանը) կհարձակվեն մեզ վրա:

Սա մարդկանց գլուխը մտցված այն պարզունակ կայսերական քարոզչությունն էր, որի նպատակն էր՝ կանխել անկախության մասին մտածելն իսկ, քանի որ համարվում էր, որ «քրիստոնյա» Ռուսաստանը, թեկուզև կումունիստական երանգով, մեր ֆիզիկական գոյության միակ երաշխավորն է: «Բոբո շրջապատում» հայտնված «քրիստոնյա/քաղաքակիրթ/դեմոկրատ» ազգի մասին պատումը միշտ էլ ծառայել է մեծ տերությունների, բայց ոչ երբեք՝ Հայաստանի շահերին: Ես հիշում եմ նաև, թե ինչպիսի տպավորություն թողեց Ղարաբաղյան շարժման անունից խոսող Լևոն Տեր-Պետրոսյանի 1989-ի ելույթը Գերագույն Խորհրդում, որտեղ հիմնավորվում էր այն թեզը, որ իրականում Հայաստանը կարող է անկախանալ, որ պանթուրքիզմի վտանգը, որի մասին այդքան սիրում էին խոսել այն ժամանակվա «հայրենասեր» մտավորականները, չափազանցված է: Այն ժամանակվա համար սա, հիրավի, հեղափոխական ելույթ էր հայ գիտակցության համար:

Հայաստանը կարող է անկախանալ և անկախ հարաբերություններ կառուցել իր հարևանների հետ՝ լավ կամ վատ: Մինչ այդ արդեն Ղարաբաղյան շարժման կողմից հնչեցվել էր «չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ» (առաջիններից մեկը հրապարակավ հնչեցրել է Վազգեն Մանուկյանը դեռ 88-ի փետրվարին)՝ նույնպես հեղափոխական և Հայաստանի անկախությունը հիմնավորող դրույթը, որովհետև անկախության իմաստը հենց այն է, որ դու կառուցում ես հարաբերություններ արտաքին ուժերի հետ՝ ելնելով քո շահերից, այլ ոչ թե՝ կրոնական կամ գաղափարախոսական դոգմաներից: Հայաստանի Հանրապետությունը կառուցվեց այս, նաև Ռաֆայել Իշխանյանի ձևակերպած «Երրորդ ուժի բացառման օրենքի» հիմամբ, որը նշանակում է, թե մենք մերժում էինք ավանդականի վերածված դրսի ուժեղների աչքին լավը՝ քրիստոնյա, քաղաքակիրթ, դեմոկրատ երևալու խաղով՝ մեր վատ՝ անհավատ, բարբարոս, ավտորիտար հարևանների վրա «տղա բերելու» և մուննաթ գալու «քաղաքականությունը» և հույսը դնում ենք մեր ուժերի վրա:

Հայկական լիբերալիզմի համար, որն օրինական կամ անօրինական ժառանգն է միջնադարյան «կղերական դիվանագիտության», շատ բնորոշ է այդ խաղը: 19-րդ դարի վերջին հայկական քաղքենիական լիբերալիզմի քաղաքական ծրագիրն էր՝ Տաճկահայաստանի ազատագրումը «ավտորիտար Թուրքիայից» «առաջադեմ աշխարհի» միջոցով, ինչպես որ միջնադարում «կղերական դիվանագիտության» ծրագիրն էր՝ խաչակիր զորքի միջոցով Հայաստանի ազատագրումը: Քանի որ մենք «քաղաքակիրթ» էինք և «առաջադեմ», «աշխարհը» մեզ պետք է փրկեր «բարբարոս» և «հետադեմ», որով և՝ իր դարն ապրող, թուրքերից: Այս քաղաքական մտածողության աստեղային ժամը հասավ 1914-ին, երբ հայ ազգը կամավորագրվեց Առաջին համաշխարհայինին Անտանտի՝ առաջադեմ մարդկության այն ժամանակվա մարմնավորումի կողմից:

Տալով մեկուկես միլիոն զոհ և կորցնելով մի ամբողջ հայրենիք, մինչ այժմ զարմացած ենք, թե ինչու մեր հավատն «աշխարհին» փոխհատուցվեց այդ կերպով: Երբ հետագայում, Սովետական Միության մեջ՝ մինչ այդ արգելված Մեծ Եղեռնի թեման, նորից թույլատրելի դարձավ, շրջանառության մեջ դրվեց այն պաշտոնական վարկածը, թե իբր Ցեղասպանությունը հետևանք է նրա, որ հայերը պանթուրքիզմի դեմ պատնեշ էին, որը պետք է վերացնեին թուրքերը: Անկախ նրանից, թե որքանով կարևոր էր պանթուրքիզմի դերն այն ժամանակներում (վստահաբար դա չափազանցված է), այս թեզի իմաստն այն էր, որ հայերը Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցներն են, որովհետև փակում են թուրքականության տարածման ճանապարհը դեպի Ռուսաստան:

Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը հայերի բնական փրկիչն է, որով շղթան փակվում էր՝ հայերին վերապահված էր հավերժ ֆորպոստի և պատնեշի դեր, իսկ Ռուսաստանին՝ հավետ հովանավորողի և մեծ եղբոր: Սրանով թաքցվում էր Մեծ Եղեռնի գլխավոր՝ քաղաքական պատճառը, այն, որ հայ ժողովուրդը զոհաբերվել է՝ հանուն Անտանտի, նախ՝ Ռուսաստանի շահերի, ոչնչացվել է՝ կուրորեն հավատալով և կամավորագրվելով պատերազմի, որն իրենը չէր, որ առաջնային խնդիրն այստեղ ոչ թե պանթուրքիզմն էր, այլ հայ քաղքենիության միամիտ լիբերալիզմը «մարդկության առաջադիմությանն» իր կրոնական հավատքով, ինչպես նաև ռուսական, անգլիական և ֆրանսիական կայսերականությունը՝ «համաշխարհային դեմոկրատիայի» անվան տակ, որը Հայկական հարցն ամեն անգամ բորբոքել է՝ հանուն իր աշխարհակալական շահերի:

Զուգահեռ Սփյուռքում նույնպես առաջ մղվեց պանթուրքիզմի տեսությունը: Այստեղ էլ հույսն այն էր, որ «առաջադեմ աշխարհը», որը պատժել է Գերմանիային Նյուրնբերգում, պետք է հասկանա, որ Թուրքիան նույն հանցանքն է գործել հայերի նկատմամբ, և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ի վերջո, կփոխհատուցի հայերիս: Կարծես «աշխարհը» մեզնից շուտ ու մեզնից լավ չգիտեր, թե ինչ է եղել հայերի հետ Թուրքիայում և ինչի պատճառով: Այսպիսով Մեծ եղեռնը, որն ինքնին հետևանք էր մեծ տերությունների քաղաքականության Արևելյան հարցում, ևս մեկ անգամ նվիրվեց նույն մեծ տերություններին՝ որպես խաղաքարտ՝ թուրքերի հետ իրենց հարաբերություններում: Ցայսօր, Թուրքիայի հետ խնդիր ունեցողն օգտագործում է մեր մեծ ողբերգությունը՝ որպես գրեթե մանրադրամ՝ թուրքերի հետ հարաբերություններում: Ռուսաստանը, Ֆրանսիան, նույնիսկ Գերմանիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց դա զուտ այդ երկրների և Թուրքիայի հարաբերությունների հարցն է՝ հայերն այստեղ ընդամենը վճարման միջոցներից մեկն են: Հայկական քաղաքական նպատակների հետ ճանաչումների շքերթը որևէ կապ չունի: Մեկուկես միլիոն հայը, որոնք զոհաբերվել են՝ հանուն Անտանտի շահերի, շարունակում են դեռ նահատակվելուց էլ հետո հավատարմորեն ծառայել նույն այդ Անտանտին, իսկ վերջերս նույնիսկ Անտանտի հակառակորդ Գերմանիային, իրենց ուժերի համեստ չափով: Ամենաազնիվն այս առումով, ի դեպ, Հայոց ցեղասպանությունը չճանաչող Անգլիան և ԱՄՆ-ն են, հատկապես՝ Անգլիան:

Եթե փոխանակ նույն հայ-թուրքական հարաբերությունների հարցում, օգտվելով իրավիճակի փոփոխությունից, նոր հայեցակարգեր մշակելու և նոր մոտեցումներ ձևակերպելու փորձի, իշխող ուժի ներկայացուցիչները դեռ մի բան էլ փորձեն խորացնել իրավիճակը՝ Հայաստանը հռչակելով «առաջադեմ մարդկության լուսավոր ֆորպոստ» «ավտորիտար տարածաշրջանում», խաչակիր զորքի օգնության հույսով, ապա Հայաստանի անկախության գաղափարը, որն այդքան դժվարությամբ վերագտանք 30 տարի առաջ սկսած պայքարով, կարելի է նորից կորցրած համարել՝ դրա բոլոր հնարավոր հետևանքներով: Չնայած, վստահ եմ, որ իշխող ուժի մեջ այս հարցում մեծամասնություն են ավելի իրատեսական, հայաստանակենտրոն մոտեցում ունեցողները, բայց գոնե ինձ համար ակնհայտ է նաև, որ «ժամանակակից» շորեր հագած ավանդական մտածողությունը միշտ էլ այս կամ այն կերպով, գիտակցված կամ չգիտակցված՝ փորձելու է սողոսկել և լեգիտիմացնել իրեն այլևայլ պատրվակներով:

Մանավանդ, որ կարծում եմ նաև, որ այդ փորձերը միայն պատահական չեն լինելու, այլ արտաքին ուժերի կողմից կարող են նաև հովանավորվել ու փորձարկվել՝ ստուգելու համար հանրության արձագանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել