Դերասանուհի, հաղորդավարուհի Մեգգի Գրիգորյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BlogNews.am-ին, ինչպես նաև զրուցել նորաձևության, սեփական ոճի մասին. «Պետք է ասեմ, որ այս ֆոտոշարքը շատ սպասված էր, քանի որ լուսանկարչի՝ Սեդայի ոճը միշտ ինքնատիպ է եղել ինձ համար: Երբ նրա կողմից համագործակցության առաջարկ ստացա, շատ ոգևորվեցի և սիրով ընդունեցի այն: Ֆոտոշարքում փորձել ենք ներկայացնել անչափ էմոցիոնալ մի աղջկա, ով միաժամանակ ապրում է տրամադրության անկում, խինդ, երջանկություն, ով փնտրում է իր երջանկությունն ու գտնելով ընկնում է էմոցիաների գիրկը: Սեդան հայտնի է իր ինքնատիպ ոճով, իսկ նրա աշխատանքներին կարելի է ծանոթանալ նրա Ինստագրամի միջոցով»:

Մեգգիի համար նորաձևությունն արտահայտչամիջոց է, ինքնադրսևորում: Ինչպես յուրաքանչյուր ժամանակակից կին, այնպես էլ նա հետևում է նորաձևությանը և փորձում լինել միշտ տեղակացված, բայց երբեք չի դառնում դրա գերին. «Հագուստն ընտրում եմ ըստ տրամադրության և եղանակի, այդ թվում՝ նաև հագուստի գույնը: Հագուստի մեջ կարևորում եմ գունային համադրությունը, էությանս հետ ներդաշնակ լինելը»:

Դերասանուհին նշում է, որ հատուկ ոճ չունի, բայց սիրում է համադրել դասականը ժամանակակիցի հետ. «Երբեք չեմ կարևորում հագուստի ապրանքանիշը, պարզապես ինձ պետք է դուր գան տեսքը և հարմարավետությունը: Հագուստի բրենդների հարցում բծախնդիր չեմ, բայց կոշիկս, ակնոցս և պայուսակս պետք է, միանշանակ, լինեն լավագույնը: Հագուստի գինն ինձ համար այնքան էլ կարևոր չէ, հատկապես երբ ապրում ես այնպիսի երկրում, ուր հագուստ գնելն առհասարակ խնդիր չէ: Այստեղ կան խանութներ, որտեղ նույնիսկ անչափ թանկ թվացող հագուստը կարելի է ձեռք բերել անհավանական ցածր գնով, այնպես որ, հագուստի համար խելահեղ գումարներ ծախսելն ինձ համար հիմարություն է»:

Մեգգին խոստովանում է, որ երբեք ամբողջ աշխատավարձը չի ծախսում հագուստի վրա, ամեն ինչ խելամիտ է բաշխում. «Հագուստամոլ բառը մի քիչ կտրուկ է հնչում ինձ համար, բայց սիրում եմ գեղեցիկ և տարբեր հագնվել: Սիրում եմ ներկայանալ տարբեր հագուստով և ոճով, ինձ փորձել տարբեր ոճերում: Վերջին գնումս եղել է կոշիկ, որի վրա բավականին կլորիկ գումար եմ ծախսել, բայց չեմ բարձրաձայնի, թե որքան»:  

Հանրային մարդկանց ոճին հաճախ հետևում են, ինչպես նաև փորձում ընդօրինակել: Մեգգին պատմում է, որ երեսունամյակի զգեստը շատերին էր դուր եկել, և շատ էին հարցում, թե որտեղից է ձեռք բերել. «Մինչև հիմա նամակներ եմ ստանում աղջիկներից զգեստիս վերաբերյալ: Ես էլ հպարտորեն ասում եմ, որ իմ պատկերացրած և ստեղծած ոճն ու լուքն է»:

Համաշխարհային աստղերից Մեգգի համար իր ոճով միշտ առանձնացել է Ջենիֆեր Լոպեսը: Ասում է, որ երբեմն էլ փորձում է օրինակ վերցնել նրանից. «Իմ զգեստապահարանում բացակայում են վառ գույները՝ դեղինը, կարմիրը, չեմ սիրում նաև շագանակագույնը, իսկ գերակշռող գույներն են սևը, սպիտակը, նուրբ վարդագույնը»:

Սպորտային կոշի՞կ, թե՞ բարձրակրունկ. միանշանակ, նախընտրությունը տալիս է բարձրակրունկների, որոնք կրում է գրեթե ամեն օր. «Կարծում եմ՝ այն յուրաքանչյուր կնոջ ավելի ինքնավստահ է դարձնում: Չնայած որ աշխատանքի բերումով պետք է միշտ բարձրակրունկներով լինեմ, միևնույն է, աշխատանքից դուրս ևս միշտ նախընտրում եմ ինքնավստահ տեսքով լինել: Նույնիսկ ընկերներս միշտ զարմանում են՝ ինչպես կարելի է օրվա մեջ այդքան ժամ մնալ բարձրակրունկների վրա»:

Այն հարցին՝ եղե՞լ է դեպք, երբ, օրինակ, կոշիկի պատճառով հայտնվես անհարմար իրավիճակում. «Քանի որ ես միշտ նախընտրում եմ շատ բարակ կրունկով կոշիկ կրել, զավեշտալի դեպքեր շատ են լինում, երբ կոշիկիս կրունկը հայտնվում է տարբեր տեղերում: Զավեշտալի դեպք եղավ այստեղի համերգասրահներից մեկում, երբ կոշիկիս կրունկը մտավ շարժասանդուղքի մեջ, և ես հայտնվեցի էքստրեմալ իրավիճակում: Ստիպված եղա ոտքս հանել կոշիկից և կոշիկս թողնել շարժասանդուղքի վրա: Բնականաբար, կոշիկս վնասվեց, բայց ես փրկվեցի շատ դաժան իրավիճակում հայտնվելուց»:

Մեգգին այն մարդկանցից է, ով շատ դժվար է հրաժարվում իր իրերից, այդ թվում՝ նաև հագուստից. «Ունեմ բազմաթիվ զգեստներ, որոնք արդեն մի քանի տարի է՝ նույն դիրքով կախված են իրենց տեղում և չեն օգտագործվում: Ամեն անգամ, երբ թարմացնում եմ զգեստապահարանս, միևնույն է, մտածում եմ՝ մի օր գուցե դրանք օգտագործվեն»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել