Aysor.am-ը գրում է.

Հայաստանի և Արցախի շահերից է բխում, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, բայց միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն այդ դեպքում հաստատապես հրաժարվելու է բանակցային գործընթացից։ Այդ երկիրն ընդհանրապես չի բանակցելու, քանի որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքիշխանությունը և Արցախի իշխանություններին։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությանը, որ ինքը չի կարող ԼՂ անունից բանակցել։

Սարգսյանը հիշեցրեց՝ Արցախի փոխարեն չբանակցելը ՀՀ նոր իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն է, որի մասին Փաշինյանն առաջին անգամ խոսել է վարչապետ դառնալուց անմիջապես հետո, ինչպես նաև կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։

«Սա մի դիրքորոշում է, որը նա հիմնավորել է նաև նախորդ խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանը նաև պնդել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ։ Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք այդ ճանապարհով չի գնալու։ Այդ երկիրը պնդում է, որ Հայաստանը պետք է բանակցի երկու պետությունների փոխարեն, մինչդեռ Երևանը պնդում է, որ չի կարող բանակցել Արցախի փոխարեն։ Փաշինյանի հիմնավորումները կարող են ընդունելի կամ անընդունելի լինել, բայց պետք է հաշվի առնենք, որ Արցախի ժողովրդի ձայնը բանակցային որոշակի փուլում պետք է լսելի լինի, արցախցիների կարծիքը պետք է հաշվի առնվի», - նկատեց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ այս թեզի մասին, բացի հայկական կողմից, արդեն իսկ խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և կասկածից վեր է, որ ինչ-որ պահի արցախահայության ձայնը լսելի է լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել