Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 5-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի` շուրջ 280,000 ԱՄՆ դոլար արժողությամբ 14 գծանկար՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները: Նկարների պատկանելությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն: Նարեկ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել:

Yerkir.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ` վերոհիշյալ գործի հետ կապված մանրամասներ իմանալու ակնկալիքով:

Մեր հարցման ի պատասխան` ԱԱԾ-ն, հղում անելով մի շարք օրենքների, նշել է, որ այս պահին նպատակահարմար չեն համարում տեղեկություններ տրամադրել, նաև` հավելել որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Որպես այս փուլում տեղեկատվություն չտրամադրելու պատճառ` ԱԱԾ-ն հղում է արել հետևյալ հոդվածներին` Սահմանադրության 34-րդ` անձնական տվյալների պաշտպանության և 66-րդ` անմեղության կանխավարկածի հոդվածները, ինչպես նաև մեջբերել  է նույն հոդվածը` ՀՀ դատավարության քրեական օրենսգրքով սահմանված (201), և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` տեղեկատվություն ստանալու սահմանափակում, եթե այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա` նախնական քննության տվյալներ:

«Անմեղության կանխավարկածի և նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները պահպանելու, ինչպես նաև քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով` ներկա փուլում ձեր հարցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չենք համարում»,- տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Նշենք միայն, որ ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք` արդյո՞ք պարզվել է` նկարները բնօրինա՞կ են, թե՞ կեղծ: Բացի այդ` որտե՞ղ են պահվում այժմ այդ նկարները, ի՞նչ է լինելու դրանց հետագա ճակատագիրը: Արդյո՞ք դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվածներ կան, կամ քրգործով որևէ գործողություն արվե՞լ է:

ԱԱԾ-ի հայտարարությունից ավելի քան 6 ամիս է անցել, և դեռ 6 ամիս առաջ նշել էին, որ նշանակվելու է փորձաքննություն` նկարների պատկանելությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով, որի հետ կապված մեր հարցին պատասխանելը նույնպես ԱԱԾ-ն համարել է անմեղության կանխավարկածի կամ նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջների պահպանում, ինչն ուշագրավ է:

Բացի այդ` գաղտնիք չէ, որ նկարների պահման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ` օդի հատուկ ջերմաստիճան, խոնավության բացառում և այլն, մանավանդ, երբ խոսքը Սարյանի գործերին կարող է վերաբերել: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, մեր հարցին` որտե՞ղ են պահվում գծանկարները, ԱԱԾ-ն նույնպես չի պատասխանել:

Իսկ թե որքանո՞վ է մեր վերոհիշյալ հարցերին չպատասխանելը անմեղության կանխավարկածի, անձնական տվյալների պաշտպանություն, կամ որքանո՞վ են դրանք նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները խախտում, այնքան էլ պարզ չէ:

ԱԱԾ-ից նաև տեղեկացնում են, որ հայցվող տեղեկատվության տրամադրման սահմանափակումը կարող է վերանալ` կախված քննության հետագա ընթացքից` հաշվի առնելով քրեադատավարական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներն ու քննչական իրադրությունը:

Հիշեցնենք, որ Մարտիրոս Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանը հայտնել էր, որ վերոնշյալ  14 գծանկարները, որոնք ԱԱԾ-ն հայտնաբերել էր Նարեկ Սարգսյանի տանը, իբրև ժառանգություն, փոխանցվել են Սարյանի թոռանը՝ Ռուբեն Սարյանին։ Վերջինիս որդին՝ Ղազարոս Սարյանը` Մարտիրոս Սարյանի ծոռը, այդ գծանկարները փոխանցել է Նարեկ Սարգսյանի որդուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել