ԱՄՆ-ում, 36 միլիոն մարդ,երկրի աշխատունակ բնակչության մեկ քառորդը, կարող է զրկվել աշխատանքից նոր տեխնոլոգիաների պատճառով, հաղորդում է MarketWatch-ը:

Բանն այն է, որ 36 միլիոն ամերիկացիների կատարած աշխատանքի 70%-ը հնարավոր է լիովին ավտոմատացնել: Ռիսկի խմբում են հայտնվել մի շարք մասնագիտություններ՝ խոհարար, մատուցող, վարորդ, ինչպես նաև գրասենյակային աշխատողները:

«Նման աշխատակիցները պետք է հնարավորինս արագ բարելավեն իրենց հմտությունները, վերաորակավորվեն կամ նոր աշխատանք փնտրեն»,- ասել է Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարկ Մուրոն:

Փորձագետը նշում է, որ ավտոմատացման գործընթացը կարող է ձգվել մի քանի տարի կամ տասնամյակներ: Ամենայն հավանականությամբ, այն կակտիվանա ամերիկյան տնտեսության հաջորդ անկման ժամանակ, երբ ընկերությունները կտրուկ կրճատեն ծախսերը:

Ավտոմատացումն ամենամեծ հարվածը կհասցնի ոչ մեծ նահանգներին՝ Ինդիանա, Կենտուկի: Բացասական ազդեցությունն առաջինը կզգան հասարակական սննդի և ռիսկի խմբի այլ ոլորտների երիտասարդ աշխատակիցները:

Ի դեպ, նման վտանգ չի սպառնում այն աշխատակիցներին, որոնցից պահանջվում է կրթական բարձր մակարդակ, զգացողական բանականություն և հաղորդակցման հմտություններ:

«Նման բարձր վարձատրվող աշխատատեղերը պահանջում են ստեղծագործական հմտություններ և խնդիրների լուծման կարողություն»,- ասում է Տորոնտոյի Նյու Յորքի համալսարանի դոցենտ Մաթիաս Կորտեսը:- «Դրանք դժվար է փոխարինել նոր տեխնոլոգիաներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել