Aysor.am-ը գրում է.

Հայաստանում տեղի ունեցած մայիսյան իշխանափոխությունից հետո հեղափոխական կրքերը հանգիստ չեն տալիս նաև մշակութային կառույցներին: Ակտիվությունը հատկապես նկատելի է թատերական հաստատություններում. դերասաններն ու բեմադրիչները ևս բողոքում են իրենց հանդեպ տեղի ունեցող անարդարություններից ու պահանջում գործող տնօրենների ու գեղարվեստական ղեկավարների հրաժարականը՝ հաճախ վերջիններիս անվանելով քաղաքականացված ու «ռեժիմից» մնացած կադրեր:

Խաղաղ չէ նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Թատրոնից հանկարծակի հեռացված 14 աշխատակիցների թվում է նաև նույն թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր, վերջին 4 տարիներին՝ հաստիքային ռեժիսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը:

Վերջինիս հեռացումը տնօրինությունը հիմնավորում է ռեժիսորի անգործությամբ, ինչի հետ, սակայն, բեմադրիչը համաձայն չէ: Aysor.am-ի հետ զրույցում նկատել է՝ պատճառաբանությունն արհեստածին է, իրական պատճառը ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի և տնօրեն Վարդան Մկրտչյանի՝ իրեն թատրոնում չհանդուրժելն է:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ:

- Պարոն Մկրտչյան, թատրոնի արդեն նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը վերջին շրջանում հաճախ է բարձրաձայնում Սունդուկյան թատրոնի այսօրվա տնօրինության կողմից իր հանդեպ գործած անարդարության մասին: Հետևողակա՞ն եք այդ հայտարարություններին:

- Նախ ասեմ, որ մենք բավական բարձր ու լավ ցուցանիշներով ամփոփեցինք 2018 թվականը: Զգում եմ, որ չգիտես ինչու, մարդկանց սկսել է չհետաքրքրել, թե դու ինչ գործ ես անում, ինչ փոփոխություններ ես անում թատրոնի կյանքում, ինչ արդյունքեր ես տալիս: Տենդենց եմ նկատում, թե ով ավելի շուտ վատ, բացասական, ագրեսիա առաջացնող մի լուր կտարածի հանրության մեջ, ու բոլորովին կարևոր չի, որ այն ճշմարիտ լինի: Սա սարսափելի բան է, սթափվելու, հանդարտվելու և բարիանալու անհրաժեշտություն կա: Ինչո՞ւ որևէ մեկն ինձ չի հարցնում՝ 2018 թվականից կառավարում եք թատրոնը, ի՞նչ արդյունքներ ունեք: Փոխարենը՝ մի քանի օր է՝ հարցնում են՝ ինչո՞ւ եք օժանդակ կազմի հայհոյախոս դերասանուհուն աշխատանքից հանել, ինչո՞ւ եք 4 տարի շարունակ բեմադրություն չանող ռեժիսորին հանել աշխատանքից… Իհարկե, մենք դեռ վերջնական ամփոփումը կներկայացնենք Մշակույթի նախարարություն, բայց ես մի քանի բան կմանրամասնեմ Ձեզ համար. եթե տարիներ շարունակ Սունդուկյան թատրոնը տարվա կտրվածքով խաղացել է 80-85 ներկայացում, ապա 2018 թվականին 108 ներկայացում է խաղացել: Թռիչքը, խնդրում եմ, գնահատեք ինքներդ: Եթե նախկինում ունեցել է լավագույն դեպքում 30-40 միլիոնի մուտք, այս տարի միայն տոմսերի վաճառքից ունեցել է 62 միլիոն 460 հազար 500 դրամի մուտք: Ունեցել է 45 հազար 759 տոմս գնած հանդիսատես: Որևէ մեկին հետաքրքի՞ր է, որ Սունդուկյան թատրոնն, իմ գալուց հետո, կոտրեց տոմսային տնտեսության սովետական կառավարման մոդելը ու ամեն ինչ դարձավ թափանցիկ: Վերանորոգվեց և թվայնացվեց մեր տոմսարկղը, ու հանդիսատեսն ուղղորդվեց դեպի տոմսարկղ: Սա շատ կարևոր բան է, քանի որ տոմսարկղն ինձ համար միայն տոմս գնելու վայրը չէ, դա հանրության ներդրումն է իր թատրոնի ապագայի մեջ: Այնպես որ, մենք շուրջ մեկ տարվա մեջ գրեթե կրկնակի արդյունք ենք գրանցել…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել